Ալիևի օգնականը հայտարարում է, թե Ադրբեջանը հավատարիմ է հակամարտության կարգավորմանը՝ Մինսկի գործընթացի շրջանակներում
«Ադրբեջանական կողմը հավատարիմ է հակամարտության կարգավորմանը Մինսկի գործընթացի շրջանակներում»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։
Հաջիևի խոսքերով, ձևաչափի փոփոխություն ներկայումս օրակարգում չկա։
«Տեղի ունեցած բանակցությունները չեն ծառայել Մինսկի խմբի մանդատին: Համանախագահող երկրները նույնպես պետք է հետևություն անեն դրանից: Ստատուս քվոյի պահպանումն այս ձևով վտանգավոր է և անհրաժեշտ է փոխել: Նպատակը պետք է լինի օկուպացիայի փաստը վերացնելը: Մենք պարտավոր ենք փոխել աշխատանքային մեթոդաբանությունը, այլ ոչ թե ձևաչափը»,- ասել է Հաջիևը։
Հաջիևը նշել է, թե պետք է անցկացնի Մինսկի խմբի ընդլայնված կազմով հանդիպում:
«Ասել, թե «թող Հայաստանը և Ադրբեջանը համաձայնության գան, և Մինսկի խումբը կաջակցի դրան», չի համապատասխանում համանախագահների առաքելությանը: Մանդատը նաև պահանջում է, որ օկուպացիայի գործոնը վերացվի: Սրա հիման վրա Ադրբեջանը հանդիսանում է առարկայական բանակցությունների կողմնակից»,- ասել է Հաջիևը։
Նշենք, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմը ներառում է 11 երկիր՝ Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանի նպատակն է Թուրքիային ներառել պրոցեսում։
Հուլիսի 12-ին Թուրքիայի ԱԳ նախարարությանն հայտարարությանն ի պատասխան, որով այն անվերապահ աջակցությունն էր հայտնում Ադրբեջանին՝ արդարացնելով Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական սահմանին ուժի կիրառումը, ՀՀ ԱԳՆ-ն հայտարարեց, որ Թուրքիայի այս սադրիչ կեցվածքը և Հայաստանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքները հաստատում են այն իրողությունը, որ այդ երկիրը գործում է ոչ թե որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, այլ ԼՂ հակամարտության մեջ ներգրավված կողմ:
«Այս իրողությունն առավել քան անհնար է դարձնում միջազգային՝ նախևառաջ ԵԱՀԿ շրջանակներում Թուրքիայի որևէ դերակատարում, որն առնչվում է ղարաբաղյան հակամարտությանը»,- նշված էր ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։