Կոնգրեսական Փալոնի՝ Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխության առաջարկն ընդունվեց
Ներկայացուցիչների պալատը հաստատեց պաշտպանության հատկացումների օրինագծում փոփոխությունների մասին փաթեթը, որը ներառում է Հայկական հանձնախմբի համանախագահի առաջարկը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021թ. Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրականմի շարք փոփոխությունների փաթեթը: Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի առաջ քաշած փոփոխության օրինագիծը, կապված ամերիկյան ռազմական օգնության հետ, ընդգրկված էր Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծի փաթեթում:
Փալոնի առաջարկած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում: Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավմանն ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմանը:
Կոնգրեսական Փալոնը կարևորել է օրենսդրական փոփոխության ընդունումը, հատկապես երբ, ըստ կոնգրեսականի, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին: Պետք է վստահ լինենք, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում մեր արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում, նշել է հայկական հանձնախմբի համանախագահը իր գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Ըստ նրա, այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ, ըստ կոնգրեսականի, Բաքուն ունի մարդու իրավունքների հետ կապված լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն:
«Մենք ասում ենք, որ պետք է արձանագրել օգնություն ստացող երկրի՝ մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված վիճակը, ու եթե որևէ երկիր խախտում է մարդու իրավունքները, իսկ ինչպես գիտեք Ադրբեջանը հայտնի է մարդու իրավուքների խախտմանառումով, ապա չպետք է ստանա հոդված 333-ով նախատեսվող ֆինանսավորումը»,- ասել է կոնգրեսական Փալոնը:
Ազգային պաշտպանության հատկացումների օրինագծի փոփոխությունների փաթեթի քննարկման ընթացքում կոնգրեսական Փալոնի առաջարկությանն իր աջակցություն է հնչեցրել կոնգրեսական Բրեդ Շերմանը, ով ընդգծել է, որ միանում է փոփոխությանը, որն անդրադառնում է Ադրբեջանի զորամիավորումների իրականացրած մարդու իրավոնքների խախտումներին:
Հիշեցնենք, որ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետիշրջանակում ԱՄՆ ավելի քան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերում Ադրբեջանին 2018 թվականից ի վեր: Վարչակազմի այդ որոշումը քննադատում է ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը: Ի պատասխան քննադատության, ԱՄՆ պետքարտուղարությունը պնդում է՝ Ադրբեջանին ռազմական օգնությունը բխում է ԱՄՆ-ի շահերից, նպաստում ահաբեկչության, թմրամիջոցների շրջանառության, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխարգելմանը և չի սպառնում Հայաստանին ու տարածաշրջանին:
Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրենքում ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախմբի կոնգրեսականներ Ջեքի Սփիըրի ու Բրեդ Շերմանի առաջարկած փոփոխությունների նախագծերը չստացան Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովի հավանությունը և չընդգրկվեցին օրակարգում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան