Հրապարակ. Իսկ ինչո՞ւ Արսեն Խառատյանը. փորձագիտական հանրությունը տարակուսած է
«Հրապարակ» թերթը գրում է. «Համաշխարհային ճանաչում ունեցող «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունում տավուշյան վերջին դեպքերի հետ կապված՝ օրերս Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև բանավեճ կայացավ: Ադրբեջանը ներկայացնում էր նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի արտաքին հարաբերությունների պատասխանատու Հեքմեթ Հաջիևը, իսկ հայկական կողմից՝ Թբիլիսիի «Ալիք» կայքի պատասխանատու, վերջին շրջանում սկանդալների մեջ հայտնված Արսեն Խառատյանը, ինչը շարժել էր շատերի, այդ թվում` փորձագիտական հանրության տարակուսանքը:
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից հարցրինք` ինչո՞ւ «Իմ քայլից» չէր բանավիճողը կամ` իշխանություններից որևէ մեկը։ Նա ասաց, որ ինֆորմացիա չունի այդ առնչությամբ. «Ով է կազմակերպել, ինչպես։ Ես, համենայնդեպս, դրա հետ կապ չեմ ունեցել»: Նույն հարցն ուղղեցինք իմքայլական Տաթև Հայրապետյանին։ «Հարցի հասցեատերը, կարծում եմ` արտգործնախարարությունն է»,- ասաց նա:
ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Դա «Ալ Ջազիրայի» հեղինակային ծրագրերից մեկն է, և հեղինակային ծրագրի պրոդյուսերն ու ղեկավարությունն են որոշում հաղորդման կազմը, մասնակիցներին, ֆորմատը։ Այդ առնչությամբ մենք մեկնաբանություն չունենք, պարզապես հավելեմ, որ դրանից մեկ օր առաջ եղել է Հայաստանի ԱԳ նախարարի հարցազրույցը նույն լրատվականին»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: