Խայտառակ տեսարանը կյանքում չեմ մոռանա. Վիգեն Ավետիս
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը և կրթահամալիրից ևս 2 ուսուցիչ, որոնք ավելի վաղ բերման էին ենթարկվել ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, ազատ են արձակվել։
Լրագրողների հետ զրուցում Աշոտ Բլեյանն ասաց, որ սովորական պես իր շրջայցն էր կատարում կրթահամալիրի տարածքում, տեսել է, որ Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև լար է գցված, փոսեր են փորում, որ ցանկապատեն:
Նա նշեց, որ 2019 թվականի վերջին փոխքաղաքապետի հետ պայմանավորվածություն է եղել, որ երեք ամսում կունենան անցում՝ ներառական, լուսավոր, շուրջօրյա օգտագործվող:
«Պահանջեցինք, որ այդ լարը հանեն, որոշ ժամանակ անց ոստիկանական ջոկատներն արդեն այստեղ էին։ Ինչ կազմակերպված հավաքի մասին է խոսքը, մենք մեկ օր առաջ գիտեի՞նք, որ այդտեղ լինելու են այդ աշխատանքները: Իհարկե, այդպես չի: Երևանի փոխքաղաքապետը, եթե համարենք, որ ինքը ճիշտ է իր զգացմունքների մեջ, զարմացել էր: Վարչական շրջանի ղեկավարի համար զարմանքն արդեն կենսաձև է: Ամենազարմանալին այն է, որ նրանք Երևանն են ղեկավարում: Դա անթույլատրելի է:
Ես ուղղակի պահանջում եմ, որ վարչական շրջանի ղեկավարը վայր դնի իր լիազորությունները, փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը գնա իր նախկին աշխատանքին, եթե դա հնարավոր է: «Իմ քայլը» պետք է անպայման քննարկի քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականի հարցը: Չի կարող Երևանն այդպիսի քաղաքապետ ունենալ: Կներեք, բայց դա արդեն վիրավորական է երևանցու համար: Կորոնավիրուսի հաղթահարումը կարող է սկսվել հենց քաղաքապետի փոփոխությունով: Դա հաշտության ճանապարհն է: Ես հեշտ հետ չեմ կանգնում իմ գաղափարից»,-ասաց Ա. Բլեյանը:
Քանդակագործ, կրթահամալիրի քանդակի դպրոցի ղեկավար Վիգեն Ավետիսն ասաց, որ սա վեճ է, որը պետք է լուծի առաջին հերթին քաղաքապետարանն ու թաղապետարանը:
«Վեճերը վերջի ի վերջո լուծվում են, բայց այն ձևերով, ինչպես լուծվում են, ամոթալի է մեր Հանրապետության համար:
Կարմիր բերետավորներն ամենավերջին հանցագործերի նման երեխաների առաջ մեզ բերման ենթարկեցին: Բերման ենթարկելու տարբեր ձևեր կան էլի, ոնց որ ամենահանցագործներ էինք մենք… մեր դպրոցի մոտ էինք, հանրային շահ էինք պաշտպանում: Խայտառակ տեսարանը կյանքում չեմ մոռանա: Մենք մշակույթ ենք բերում, հանկարծ հակամշակութային Երևան, արհամարհական վերաբերմունք ոստիկանների կողմից: Ոստիկանական համակարգում ոչինչ չի փոխվել: Եթե ոստիկանական համակարգում ոչինչ չի փոխվել, ուրեմն հեղափոխոթյուն չի եղել»,- ասաց նա:
Հարցին՝ հանգուցալուծումն ինչպե՞ս եք տեսնում, քանդակագործն ասաց. «Հանգուցալուծումը պետք է հեղափոխված ղեկավարությունը տա, բայց ոչինչ չի հեղափոխվել, անունն է հեղափոխված: Աշխատանքից շտապ պետք է ազատվեն պաշտոնյաներ: Առաջին հերթին այդ մանկապարտեզի տնօրենը, որը քանի անգամ է ոստիկաններ է կանչում, թշնամանք է սերմանոմ: Վարչական շրջանի ղեկավարը մեջքով շրջվեց մեզ, համաձայնություն տվեց, որ ոստիկանները մեզ ձերբակալեն:
Քաղաքապետարանի աշխատակիցները հատուկ այս կոնֆլիկտը չեն լուծում, հատուկ երկարաձգում են, ոստիկանների միջոցով ուզում են մեզ պարտադրել: Եթե մենք դեմ ենք այդ ճաղավանդակներին, եկեք ու այդ պատճառը հասկացեք, ոչ թե ոստիկան ուղարկեք: Հանցագործների փոխարեն ուսուցիչներն են պատժվում»:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին:
Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։