Ա․ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում․ Տ․Վիրաբյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն տիար Աշոտ Բլեյանի հախուռն վարքը կարող է օրինակելի լինել՝ առնվազն սեփական կամ կորպորատիվ շահը պաշտպանելու հարցում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը։
«Խնդրահարույցը կորպորատիվ շահը որպես հանրային շահ ներկայացնելու նրա ձգտումն է:
Ինչպես գիտենք, Սեբաստացի կրթահամալիրի վճարովի մանկապարտեզի հարևանությամբ երկու համայնքային անվճար մանկապարտեզներ կան, որոնցից մեկը այս պահին հիմնովին վերանորոգվում է՝ իր ստեղծման օրվանից ի վեր առաջին անգամ, իսկ մյուսի վերանորոգումը կմեկնարկի հաջորդ տարի (ի դեպ, տիար Բլեյանը վերջերս առաջարկում էր մեզ այս երկու համայնքային մանկապարտեզները հանձնել իր կառավարմանը):
Հայտնի է նաև, որ գոյություն ունի ենթաօրենսդրական ակտ, որը պարտավորեցնում է համայնքային իշխանությանը՝ երեխաների անվտանգության նկատառումով ցանկապատել նախակրթական հաստատության տարածքը, ինչը եւ արվում է խնդրո առարկա տարածքում:
Անցած դեկտեմբերին անձամբ, Երևանի ավագանու անդամների մասնակցությամբ, տիար Բլեյանի հետ քննարկել ենք թիվ 93 մանկապարտեզի ցանկապատի հարցը՝ գալով համաձայնության, որ ցանկապատը պետք է լինի՝ «սեբաստացիների» հետ համաձայնեցրած ուրվագծով, եւ պետք է լինի տարածքի ընդհանրականությունն ապահովող անցում:
Մեր կողմից հաստատում ենք, որ պայմանավորվածությունն ուժի մեջ է: Անշուշտ, «Սեբաստացի»-ն մեր քաղաքի կարևոր կրթական հաստատություններից է: Միևնույն ժամանակ, պնդում ենք, որ ո՛չ բարձրագոչ հայտարարությունները, ո՛չ երկիմաստ ու ժողովրդավարության ջատագովին պատիվ չբերող «փաստարկները»՝ կրթահամալիրում սովորող երեխաների ծնողների անվան հիշատակմամբ, չեն կարող չեղարկել նորմատիվ իրավական ակտերով սահմանված անվտանգության չափորոշիչները:
Երևանի բոլոր երեխաները հավասար չափով համայնքի հոգածության ներքո են՝ անկախ նրանից՝ հաճախում են համայնքային ենթակայության մանկապարտեզներ, թե այլ հաստատություններ: Նրանցից յուրաքանչյուրի և բոլորի, ոչ թե առանձին խմբի շահն է սպասարկում Երևանի քաղաքային իշխանությունը»,-գրել է փոխքաղաքապետը։
Հարակից հրապարակումներ`
- Խայտառակ տեսարանը կյանքում չեմ մոռանա. Վիգեն Ավետիս
- Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներին. Վիգեն Ավետիս
- Աշոտ Բլեյան. Ուշադիր հետևում եմ Արայի կյանքի դրամային ու նրան հաստատակամություն եմ ցանկանում