Կարմիր բերետավորները ձերբակալել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչներին. Վիգեն Ավետիս
Քանդակագործ Վիգեն Ավետիսը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիր բերետավորները ձերբակալեցին Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ուսուցիչներին քաղաքապետի և թաղապետի խնդրահարույց ճաղապատմանը դեմ լինելու համար: Մեզ տանում են Շենգավիթի բաժին»:
Նրա էջում նաև տեսանյութեր կան: Ոստիկանությունը հայտարարում է, որ արտակարգ դրության պայմաններում արգելվում են հավաքներն ու գործադուլները, պահանջում են դադարեցնել հավաքը, ոստիկանության օրինական պահանջը չկատարողները կենթարկվեն պատասխանատվության:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մոտից երեք անձ բերվել է ոստիկանության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը:
Հիշեցնենք, որ դեռ ամիսներ առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը տեղեկացրել էր Երևանի թիվ 93 մանկապարտեզի և կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի-Գեղարվեստի միջև ցանկապատի շինարարության մասին:
Մանկապարտեզի տնօրինությունը փորձել էր ցանկապատել մանկապարտեզի տարածքը, սակայն հարևանությամբ գործող «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները կենդանի պատ էին կազմել՝ արգելելով տարածքի ցանկապատումը։