Ի՞նչ կարծիքի են նինոծմինդացիները Սամվել Մանուկյանի թեկնածության մասին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախօրեին ներկայացրեց 30 մեծամասնական պատգամավորների թեկնածուներին: Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանում որպես մեծամասնական պատգամավորի թեկնածու կուսակցությունն առաջադրեց գործող պատգամավոր, «Վրացական երազանք» կուսակցության ցուցակով ընտրված Սամվել Մանուկյանին:
«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն նշեց, որ «Սամվել Մանուկայնը այսօր էլ ակտիվորեն պաշտպանում է շրջանի բնակչության շահերը Վրաստանի խորհդարանում»:
«Ալիք Մեդիան» փորձել է պարզել, թե ինչքանով են տեղյակ Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները նշված որոշումից և ինչ կարծիքի են առաջադրված թեկնածուի մասին: Հարկ է նշել, որ բնակիչներից շատերը խուսափեցին հարցերին պատասխանել՝ նշելով, որ «ավելորդ գլխացավանք իրենց պետք չէ», իսկ որոշները խնդրեցին իրենց անունները չհրապարակել:
«Ես անձամբ չեմ ճանաչում Սամվել Մանուկյանին և չգիտեմ ինչ ասեմ նրա մասին: Ինչ էլ որ լինի կցանկանայի, որ խորհրդարանում այդ մարդիկ ոչ թե իրենց բիզնեսների մասին մտածեին, այլ ժողովրդի: Ամեն դեպքում մեզ պետք է մարդ, որը մեր ազգի խնդիրները կլուծի, հայկական դպրոցների և լեզվի հարցը կբարձրացնի: Տեսեք, թե ինչ է անում Կարո Փայլանը Թուրքիայի պես պետության խորհրդարանում, իսկ այստեղինները ի՞նչ, հա կան, հա չկան»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշեց Նինոծմինդայի բնակիչներից մեկը:
Նինոծմինդայի մեկ այլ բնակչի խոսքերով՝ ինքը նույնպես չի ճանաչում Սամվել Մանուկյանին և իր համար միևնույնն է՝ ով կառաջադրվի որպես թեկնածու: Նրա խոսքով՝ եթե իրենց կյանքը մնալու է այս վիճակին, ուրեմն իրենց ոչ խորհրդարան է անհրաժեշտ, ոչ էլ նախագահ:
«Մեզ ոչ մի օգուտ էլ չեն տալու, ով էլ որ ընտրվի, միայն աշխատելու ենք, որ իրենք միլիոններ ստանան ու Եվրոպայում տներ գնեն ու իրենց բիզնեսները շատացնեն»,- նշեց բնակիչներից մեկը:
Նինոծմինդայի բնակիչ Կարեն Էլոյանի խոսքով՝ Նինոծմինդան իր 32 գյուղով Սամվել Մանուկյանին չի ճանաչում ու իրենից ոչ մի բան չեն կարող պահանջել:
«Ինձ համար տարբերություն չկա՝ ով կլինի, կարևորը որ շրջանի խնդիրները լուծվեն: Այսօրվա դրությամբ, եթե շրջանում ոչ մի խնդիր չի լուծվում, մեզ ոչ մեկի թեկնածությունն էլ պետք չէ: Ով էլ որ ընտրվի պատգամավոր, շատ խնդիրներ կա լուծելու, որոնցից ամենամեծը հողերի խնդիրն է, տեղում ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել», — նշեց Էլոյանը:
Վրաստանում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Վերջերս ընդունված սահմանադրական փոփոխությունների արդյունքում Վրաստանի նոր խորհրդարանը կձևավորվի 120 համամասնական, 30 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: