Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը շատ վտանգավոր է․ Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը հայտարարում է, որ Հայաստան-Ադրբեջան հակամարտությունը շատ վտանգավոր է և պետք է լուծվի երկխոսության ճանապարհով: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Նա պատասխանել է վրաց լրագրողների հարցին, կապված ադրբեջանական «Հաքին» պորտալում տարածված տեղեկատվությանը, իբր մինչև հուլիսի 12-ը, Սերբիայից Հայաստան է ուղարկվել տարբեր տրամաչափի ականանետեր, որը անցել է Վրաստանով:
«Այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել Վրաստանի արտաքին գործերի նախարարը: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Միացյալ Նահանգների դիրքորոշմանը, ապա մենք իսկապես մտահոգված ենք այս իրավիճակով, որը տեղի է ունենում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին:
Այս հակամարտությունը շատ վտանգավոր է, և պետք է լուծվի երկխոսության ճանապարհով: Դրա համար կան մեխանիզմներ, և դրանք անպայման պետք է օգտագործվեն, նախքան հակամարտության սրացումը: Արդեն կա զոհ, դա իսկապես ողբերգական է և չպետք է շարունակվի», - ասել է Քելլի Դեգնանը:
Ինչ վերաբերում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկատվությանը, Վրաստանի արտգործնախարարությունում ասում են, որ այդ տեղեկությունը միտումնավոր է և նպատակ ունի արհեստականորեն խնդիր ստեղծել երկու գործընկեր երկրների միջև: