«Հրապարակ». Արարատ Միրզոյանը որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ և հնարավորինս ձգել ինտրիգը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելու համար նախատեսված 21-օրյա ժամկետը: Սարգսյանը, ինչպեսև ենթադրվում էր, ո՛չ ստորագրեց այն, ո՛չ էլ ուղարկեց ՍԴ՝ սահմանադրականությունը որոշելու։
Թվում էր, թե ԱԺ նախագահը չի օգտվի 5-օրյա ժամկետից և առաջին իսկ օրը կհրապարակի այս նախագիծը, քանի որ դրանից հետո միայն կդադարեցվեն ՍԴ 3 անդամների՝ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի լիազորությունները, սակայն Միրզոյանը, ինչպես երևում է, որոշել է խաղալ ոմանց նյարդերի հետ և հնարավորինս ձգել ինտրիգը։ Մինչդեռ մի քանի օր առաջ, մեր հարցին ի պատասխան, վստահեցրել էր, թե ժամկետը լրանալուն պես «հաճույքով» կստորագրի նախագիծը։
Ինչո՞ւ է ԱԺ խոսնակը հետաձգում «հաճելի» պահը, գուցե փորձում է ընդգծել իր դերակատարումն այս գործընթացում կամ հասկացնում է, որ այնքան էլ «հաճելի» պրոցես չէ։ Նրա շրջապատը չի բացառում, որ Միրզոյանը ստորագրի վերջին օրը, եթե մինչ այդ Նիկոլ Փաշինյանից «մուշտի» չստանա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում