2021 թ-ին Երևանում կանցկացվի STARMUS-ի 6-րդ միջազգային փառատոնը
Այսօր պաշտոնապես հայտարարվեց աշխարհահռչակ Starmus 6-րդ գիտական, մշակութային երաժշտական փառատոնը 2021 թվականին Հայաստանում անցկացվելու մասին տեղեկատվությունը:
Այդ նպատակով կազմակերպված տեսակոնֆերանսի մասնակիցներն էին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և Խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը, փառատոնի Խորհրդի անդամներ, ամերիկացի աստղագետ Ջիլ Տարտերը (Jill Tarter), և Astronomy ամսագրի գլխավոր խմբագիր Դէվիդ Այքերը (David Eicher), Starmus փառատոնի խորհրդական, շվեյցարացի աստղագետ Միշել Մայորը (Michel Mayor)։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարևորեց Starmus 6-րդ փառատոնի անցկացումը, որը առանձնակի նշանակություն ունի ոչ միայն հայ ժողովրդի, այլև մարդկության համար:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նկատեց, որ Հայաստանը հնարավորությունների երկիր է, ոչ միայն այն պատճառով, որ տվել է աշխարհահռչակ գիտնականներ, գրողներ և արվեստի գործիչներ, այլ որ մեր կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտը հռչակել է առաջնահերթ:
«Մենք ցանկանում ենք, որ հայկական հնարավորությունները բաց լինեն բոլոր հայերի համար»,- շեշտեց նախարարը և կարևորեց հայկական սփյուռքի հնարավորությունների իրացումը:
Starmus փառատոնի համահիմնադիր, տնօրեն և խորհրդի անդամ Գարիկ Իսրայելյանը տեղեկացրեց, որ պատրաստվում են 2021 թվականին Հայաստանում կազմակերպվելիք փառատոնին տարբեր ծրագրեր իրականացնել, որոնցից գլխավորը վերաբերելու է Մարս մոլորակին։
Նա տեղեկացրեց, որ այս տարի 3 արբանյակ է ուղարկվելու Մարս, որոնք այդ մոլորակ կհասնեն հաջորդ տարվա գարնանը: Արբանյակները նոր տեղեկություններ կուղարկեն Մարսից, ինչն ավելի բովանդակային կդարձնի այդ մոլորակի վրա առաջին անգամ արբանյակ ուղարկելու 50-ամյակի միջոցառումները, որոնք նշվելու են 2021 թվականին և հիշեցրեց, որ ամերիկյան և ռուսական արբանյակները 1971 թվականին էին հասել այդ մոլորակ:
2019 թվականին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում անցկացված STARMUS-ի V փառատոնի բացման ժամանակ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն առաջարկել էր STARMUS VI փառատոնն անցկացնել Հայաստանում։ STARMUS (Stars and Music) փառատոնը The Sun պարբերականն անվանել է «Ոչ այս աշխարհի փառատոն», Bloomberg-ը ՝ «Ամենաանհնար գիտական փառատոնը պատմության ընթացքում», իսկ Forbes-ը՝ «Աշխարհի ամենագրավիչ գիտական փառատոն»»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան