«Մաեստրոյի» հերթական հանդիպումը վարել է միջազգային մրցույթների դափնեկիր Ջոնաթան Ռուզմանը
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շարքի շրջանակներում հերթական հանդիպումը վարել է միջազգային մրցույթների դափնեկիր, թավջութակահար Ջոնաթան Ռուզմանը։ Այս մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Երիտասարդ և արդեն մեծ ճանաչում վայելող երաժիշտն իր հմտություններն է փոխանցել առցանց դասի ընթացքում։ Դասն անցկացվում էր Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի թավջութակահար Սեմ Եդիգարյանի հետ‚ իսկ հանդիպմանը հետևում էին բազմաթիվ երաժիշտներ։ Սեմ Եդիգարյանը կատարել է Յոհան Սեբաստիան Բախի Ալեմանդան, Կուրանտան թավջութակի թիվ 3 սյուիտից։ Ընդ որում‚ ինչպես նշել է Սեմը‚ ստեղծագործության ընտրությունը կատարել էր հենց ինքը։
Ըստ թավջութակահարի,վարպետաց դասն իրեն շատ բան տվեց թե տեխնիկական‚ թե գիտելիքի‚ թե ոճային առումով։ Ռուզմանի կատարողական վարպետությանը Սեմ Եդիգարյանը ծանոթ էր‚ քանի որ նա՝ որպես մենակատար‚ հանդես է եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ‚ և ինչպես խոստովանում է հայ թավջութակահարը‚ Ջոնաթան Ռուզմանի նվագը տպավորել էր իրեն։
Ջոնաթան Ռուզմանն արժանացել է բարձր գնահատանքի աշխարհի առաջատար դիրիժորների կողմից, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Սակարի Օրամոն, Էսա-Պեկա Սալոնեն։ Նա ելույթ է ունեցել աշխարհի լավագույն նվագախմբերի հետ‚ այդ թվում` Մարիինյան թատրոնի նվագախմբի, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ և այլ նվագախմբերի հետ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անվճար առցանց վարպետության դասերը շարունակական են։ Դրանք հիմնականում ուղղված են երիտասարդ երաժիշտների մասնագիտական որակների կատարելագործմանը։
Առաջիկայում նույնպես հայ երաժիշտները հնարավորություն կունենան շփվելու աշխարհում մեծ ճանաչում վայելող երաժիշտների‚ մանկավարժների հետ ու խորհուրդներ ստանալու նրանցից։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա