Տիգրան Բալայան. Նոր հումանիտար աղետի նախաշեմին․ կոչ միջազգային գործընկերներին
Հուլիսի 21-ին Nederlands Dagblad թերթը հրապարակել է Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանի հոդվածը՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության և խաղաղություն հաստատելու վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք հոդվածի հայերեն թարգմանությունը.
«Նոր հումանիտար աղետի նախաշեմին․ կոչ միջազգային գործընկերներին
Երբ աշխարհը միավորել է ջանքերը կորոնավիրուսի համավարակի և դրա հետևանքների վերացման դեմ պայքարում, հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերն, օգտագործելով ծանր հրետանի, փորձ արեցին գրավելու Հայաստանի սահմանային հենակետերը, որի արդյունքում երկու կողմերից եղավ 16 զոհ։ Սա 1994 թ․ կնքված եռակողմ զինադադարի ակնհայտ խախտում էր։
Զինադադարը վերջ էր դրել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև պատերազմին. ԼՂ-ին աջակցում է Հայաստանը։ Շուրջ 4 տարի տևած պատերազմը խլեց 35000 կյանք։ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի դեմ՝ ի պատասխան Հայաստանի հետ վերամիավորվելու վերջինիս մտադրության։ Այն անջատվել էր Հայաստանից և հանձնվել Ադրբեջանին 1921թ․ խորհրդային ղեկավար Ստալինի կողմից։
Հրետանու կիրառումը հանդիսանում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտում, քանի որ այն թիրախավորել է նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ՝ ներառյալ գյուղեր և տներ՝ ուղղակիորեն մարդկային կյանքեր վտանգելով։
Հայաստանը բազմաթիվ փորձեր է կատարել այլ երկրների ուշադրությունը հրավիրելու լայնամասշտաբ բռնությունների վտանգի վրա՝ կոչ անելով անհապաղ քայլեր ձեռնարկել։ Չնայած մեր զգուշացումներին, սահմանին անկայունություն հրահրելու Ադրբեջանի բանակի վերոհիշյալ սադրանքը միջազգային հանրության համար անակնկալ էր։
Այնուամենայնիվ, դրա նախադրյալներն ակնհայտ են․ Ադրբեջանը բախվել է է ֆինանսական և քաղաքական ճգնաժամերի (4 բանկերի արտոնագրեր չեղարկվել են, ընդդիմության հանդեպ լուրջ հետապնդումներ ենթարկվում, նավթի գները կտրուկ անկումը, համավարակի հետևանքով վատթարացող իրավիճակը, սահմանների փակումը՝ արգելելով պետական սահմաններից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանցիների վերադարձը հայրենիք)։
Այս իրավիճակում Ադրբեջանի իշխանությունները բարձրացրել են իրենց հռետորաբանությունը՝ նույնիսկ սկսելով տարածքային նկրտումներ դրսևորել Հայաստանի նկատմամբ։ Սահմանամերձ շրջաններում անցկացվել են լայնամասշտաբ (ավելի քան 10 հազար զինվորականների ներգրավմամբ) զորավարժություններ։ Այս ամենը կատարվում է՝ շեղելու բնակչության ուշադրությունը տարբեր ճգնաժամերից, ինչպես նաև՝ համավարակի դեմ պայքարի վերաբերյալ ժողովրդական ընդվզումը ճնշելու նպատակով։
Այն, որ Ադրբեջանը չի գնահատում մարդկային կյանքը և անպատասխանատու վարքագիծ է դրսևորում հստակորեն երևում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ, որում, մասնավորապես, նշվում է․ «Հայաստանը չպետք է մոռանա, որ մեր բանակի սպառազինության մեջ առկա նորագույն հռթիռային համակարգերը հնարավորություն են տալիս խոցել Մեծամորի ԱԷԿ-ը։ Իսկ դա Հայաստանի համար մեծ աղետի պատճառ կարող է դառնալ»։
Ադրբեջանը տարիներ շարունակ պնդում էր, որ ատոմակայանը բնապահպանական տեսանկյունից վտանգ է ներկայացնում իր համար, թեև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության փորձագետները գտնում են, որ ատոմակայանն անվտանգ է։ Իսկ այժմ ատոմակայանը շահարկվում է սպառնալիքներ և վախ տարածելու նպատակով։
Մտահոգության մեկ այլ գործոն է Թուրքայի սադրիչ դերը, մասնավորապես, վերջինիս բարձրաստիճան քաղաքական և ռազմական առաջնորդների կողմից ուժի կիրառման բացահայտ աջակցութունը և Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի դեպքում բոլոր հնարավոր միջոցներով Ադրբեջանին օգնելու խոստումը։ «Մենք երբեք չեն լքի մեր եղբայր Ադրբեջանին, մենք մինչև վերջ կաջակցենք Ադրբեջանին»,- նշել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։
Վերջին օրերին Թուրքիայի և Հայաստանի միջև փակ սահմանի երկայնքով բարձրացվել էին ռազմական ինքնաթիռներ և հետախուզական անօդաչու թռչող սարքեր։ Թուրքիան 1993թ․ միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ սահմանը պատերազմի ընթացքում՝ ի աջակցություն Ադրբեջանի։
Ակտիվացվել է նաև Ադրբեջանին զենքի մատակարարումը․ վտանգավոր քայլ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կողմից, որը դեռևս չի դատապարտվել ՆԱՏՕ-ի անդամների կողմից։
Այս հակամարտության խորացումն ու հավանական ընդլայնումը կհանգեցնեն հումանիտար աղետի, որի հետևանքները կլինեն մեծ քանակությամբ զոհերը և փախստականների հոսքերը։
Հայաստանի դիրքորոշումը միանշանակ է․ խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա։ Մենք հավատարիմ ենք մնում այս դիրքորոշմանը և կշարունակենք աշխատանքներ տանել՝ ուղղված լարվածության նվազեցմանը և խաղաղությանը նպաստող միջավայրի ստեղծմանը։
Միջազգային հանրությունը պետք է աջակցի վերջինիս և հորդորի բոլոր ներգրավված կողմերին ամրապնդել 1994թ․ զինադադարը, համաձայնել սահմաններին ԵԱՀԿ դիտորդական առաքելության տեղակայմանն ու զինադադարի պայմանագրի խախտումների հետաքննման նպատակով ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ներդրմանը։ Միայն դրանից հետո կարող է ի հայտ գալ տևական խաղաղության հեռանկար»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին