Զբոսաշրջիկները Ռուսաստանում կստանան 5-15 հազար ռուբլի փոխհատուցում
Զբոսաշրջիկները,որոնք կորոշեն հանգստանալ Ռուսաստանում, կստանան 5-ից 15 հազար ռուբլու չափով փոխհատուցում տուրիստական փաթեթների ծախսերի դիմաց: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այդ մասին չորեքշաբթի ասել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը՝ Պետդումայում կառավարության գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս:
«Զբոսաշրջիկներին վերադարձվող գումարի չափը կլինի հինգից մինչև տասնհինգ հազար ռուբլի՝ կախված տուրիստական փաթեթից»,- ասել է նա՝ նշելով, որ դրա համար ընդհանուր առմամբ կհատկացվի 15 միլիարդ ռուբլի: «Այս գումարը կօգտագործվի այն մարդկանց ծախսերի մասնակի փոխհատուցման համար, որոնք, մինչև այս տարվա վերջ, կորոշեն հանգստանալ հենց Ռուսաստանի մարզերում, նրանց ցուցակն «Ռոստուրիզմ»-ն արդեն կազմել է»,- հավելել է կառավարության ղեկավարը:
ՌԴ վարչապետը զբոսաշրջությունը համարել է հեռանկարային ոլորտներից մեկը: Նրա խոսքով, դրա զարգացմանը նպաստել են մի շարք լայնածավալ միջոցառումներ, այդ թվում 2018 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացումը: «Այն տոն էր դարձել միլիոնավոր մարդկանց համար, ովքեր եկել էին ամբողջ աշխարհից: Ես վստահ եմ, որ նրանցից շատերը սիրահարվել են պայծառ, հյուրընկալ Ռուսաստանին, որը տարբերվում է աշխարհում տիրող կարծրատիպերից»,-հայտնել է կառավարության ղեկավարը:
ՌԴ վարչապետը նշել է, որ զբոսաշրջության ոլորտը գտնվում է ծանր իրավիճակում, և անհրաժեշտ է ոչ միայն աջակցել նրան, այլ նաև պայմաններ ապահովել դինամիկ զարգացման համար, այդ թվում ՝ ներքին զբոսաշրջության համար նոր հնարավորություններ բացելով: Միշուստինը հիշեցրել է, որ տուրօպերատորներին արդեն շուրջ 3,5 միլիարդ ռուբլու սուբսիդիաներ են տրվել:
Նա նշել է էկոտուրիզմի լավ հեռանկարները: Ըստ Միշուստինի, անցյալ տարի զբոսաշրջային ենթակառուցվածքները տեղակայելու համար ընտրվել է ութ ազգային պարկ, և ստեղծվել է հինգ հատուկ պահպանվող տարածք: «Հուսով ենք, որ զարգացնելով այս ոլորտը, մենք մարդկանց կսովորեցնենք զգույշ վերաբերվել բնությանը»,- ասել է վարչապետը:
Նա վստահեցրել է, որ ՌԴ կառավարությունը կշարունակի աշխատել քաղաքները կոշտ կենցաղային թափոններից բեռնաթափման արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ: