Սերգեյ Մինասյան. Ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել
Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը՝ Digi 24 ռումինական հեռուստաալիքին տրված հարցազրույցում անդրադարձել է Տավուշում տեղի ունեցած ռազմական գործողություններին։
Ռեպորտաժի հեղինակը նշում է, որ Կովկասում զինված հակամարտությունը վերսկսվել է: Նախկին խորհրդային երկու հանրապետությունները պայքարում են դեպի Եվրոպա նավթային ուղու համար
Զինված բախումներ կովկասյան երկու պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որոնք տասնամյակներ շարունակ պայքարում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի համար: Վերջին հակամարտության պատճառները դեռևս անհասկանալի են, քանի որ կողմերը միմյանց մեղադրում են ագրեսիայի մեջ: Ներկայիս մարտերը տեղի են ունեցել մի տարածքում, որտեղ անցնում է այն կարևոր խողովակաշարը, որով նավթը տեղափոխվում է Եվրոպա: Եթե նայենք երկու երկրների մերձավոր գործընկերներին՝ Ռուսաստանին և Թուրքիային, ապա ամեն ինչ ավելի բարդ է դառնում:
Կովկասում վերջերս վերսկսվել է երկարատև զինված հակամարտությունը: Նախկին խորհրդային երկու հանրապետությունները՝ Հայաստանը և Ադրբեջանը, որոնք պայքարել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի համար, նոր ճակատ են բացել ընդհանուր սահմանում: Համաձայն Երևանի պաշտպանության նախարարի՝ հարձակման է ենթարկվել Տավուշի մարզը: Նրա Բաքվի գործընկերը մեղադրում է Հայաստանին տարածաշրջանում իր դիրքերը ռմբակոծելու մեջ:
«Սա մի իրավիճակ է, երբ մենք ունենք ռազմական ակտիվության էսկալացիա Հայաստանի և Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմանին: Եվ, կարծես, ադրբեջանցիները հայկական բանակի պաշտպանական դիրքերի վերաբերյալ սխալ հաշվարկ են կատարել. նրանք այն համարել են պակաս ուժեղ, քան, օրինակ՝ Լեռնային Ղարաբաղում: Թվում է, թե Տավուշի տարածքում հիմա փխրուն զինադադար ունենք»,-նշում է դեսպան Սերգեյ Մինասյանը։
Նշվում է, որ Տավուշի մարզում առկա զինված հակամարտությունն ապակայունացրել է դեպի Թուրքիա Եվրոպայի նավթամատակարարման համար կենսական նշանակություն ունեցող տարածքը, որն իրականացվում է այդտեղով անցնող խողովակաշարով: Խնդրի հիմնական միջնորդը Ռուսաստանն է, Հայաստանի դաշնակիցը: Մյուս կողմից, ադրբեջանցիներին աջակցում է Թուրքիան:
«Համաձայն ՀՀ ՊՆ հայտարարությունների՝ տեխնիկական տեսակետից մեր բանակի դիրքում որևէ փոփոխություն չի եղել: Տեսականորեն, մեր բանակն ուներ նման սպառազինություններ, բայց մենք երբեք չէինք սպառնում այդ խողովակաշարերին՝ ի տարբերություն ադրբեջանական մոտեցման: Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակը սպառնալիքներ է հնչեցրել՝ կապված հայկական ԱԷԿ-ի ռմբակոծության հետ»,-ասել է Հայաստանի դեսպանը։
Հեղինակը նշում է, որ մինչ այժմ հայ-ադրբեջանական սահմանին կռվելիս 20 մարդ զոհվել է: Երկու պետությունների վրա իր ազդեցությունն է ունեցել նաև Covid-19 համավարակը: Բացի այդ, նավթային երկիր հանդիսացող Ադրբեջանը տուժում է այդ ապրանքի գների անկումից:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Բալայան. Նոր հումանիտար աղետի նախաշեմին․ կոչ միջազգային գործընկերներին
- Ավստրիական «APA»-ն հրապարակել է Հայաստանի դեսպանության հոդվածը