ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքով քրգործն ուղարկվել է դատարան
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու հանգամանքները, շարժառիթը: Հիշեցնենք, որ դեպքից հետո ՊՆ փոխգնդապետը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դեպքի օրը՝ 2019թ. սեպտեմբերի 17-ին` ժամը 22:30-ի սահմաններում, աննշան հարցի պատճառով վիճաբանություն է սկսվել Ա. Մխիթարյանի և Եղեգնաձոր քաղաքի բնակիչ Հ. Գրիգորյանի միջև, որի ժամանակ վերջիններս սկսել են միմյանց քաշքշել ու հայհոյել:
Մինչ Ա. Մխիթարյանի ընկերները փորձել են դադարեցնել վիճաբանությունը, այդ ընթացքում Հ. Գրիգորյանը զանգահարել է իր մտերիմներին և եղբորը՝ Զ. Գրիգորյանին, ու տեղեկացնելով կատարվածի մասին՝ նրանց կանչել հիշյալ շենքի բակ:
Որոշ ժամանակ անց վերջիններս մի քանի ավտոմեքենաներով եկել են նշված շենքի բակ, որտեղ գտնվելու ընթացքում Հ. Գրիգորյանն անսպասելի մոտեցել է միայնակ և հանգիստ կանգնած Ա. Մխիթարյանին և դիտավորությամբ բռունցքով մեկ անգամ հարվածել է նրա դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել, որից հետո Հ. Գրիգորյանը, նրա եղբայրը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք, Ա. Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Ա. Մխիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին՝ գլխին՝ առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Միջադեպի ժամանակ ծեծի է ենթարկվել նաև Ա. Մխիթարյանի ընկերներից մեկը, որն իր մարմնով կռացել է ընկերոջ վրա՝ փորձելով նրան պաշտպանել հարվածներից:
Դեպքից հետո Ա. Մխիթարյանը ենթարկվել է վիրահատության և մինչ օրս գտնվում է անգիտակից վիճակում:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հ. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով (ծեծ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Վերջինիս վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթ, և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան:
Գործով դեռևս չպարզված անձանց, ինչպես նաև Զ. Գրիգորյանի վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև Հ. Գրիգորյանի եղբորը՝ Զ. Գրիգորյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետով:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայրը սպառնաց դուրս բերել որդու մարմինն ու սկսել արշավը
- Կոմայի մեջ գտնվող փոխգնդապետի հայր. Պարոն Տոնոյան, տղամարդու խոսք էիր տվել
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանը դեռ կոմայի մեջ է
- Փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
- ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են Արա Մխիթարյանին բուժող անձնակազմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան