Մասնավորին շենքի կառուցման իրավունք՝ վթարային շենքի հարցը լուծելու նպատակով
«Կառավարության համաձայնության դեպքում «Նոբբի» ընկերությունը պարտավորվում է 2200 ք/մ մակերեսով բնակելի տարածք հատկացնել Արզումանյան փողոցի 8 Ա հասցեի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցման նպատակով»,-կառավարության նիստում զեկուցելով հերթական որոշումը՝ հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:
Նա նշեց, որ ծրագրով նախատեսվում է բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնել «Նոբբի» ընկերությանը պատկանող Արզումանյան 8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում:
Նախարարը հայտնեց, որ վթարային շենքի բնակիչների վերաբնակեցման հարցը լուծելուց հետո, ընկերությունը սեփական միջոցներով կապամոնտաժի վթարային շենքը, ապա 350 քմ տարածքը կբարեկարգի, կկանաչապատի, կհիմնի պուրակ և կնվիրի Երևանին:
Վարչապետ Փաշինյանը նշեց, որ եթե այս նախագիծը աշխատի, ապա այն կնշանակի, որ պրոցես են սկսել և վստահություն ու պատկերացում ունեն, թե ինչպես պետք է վթարային շենքերի հարցը լուծվի:
«Խնդիրն այն է, որ այս պրոցեսն Երևանում ավելի գրավիչ կլինի, քան մարզերում»,- նկատեց վարապետը, բայց և հավելեց, որ պետք է աշխատեն, որ մարզերում նույնպես գրավիչ դարձնեն, որպեսզի վթարային շենքերի ահագնացող պրոբլեմը լուծվի: