Այվազովսկու ժառանգները պատմում են նախապապի մասին
Հուլիսի 29-ին լրանում է հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 203-ամյակը։ Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը հուլիսի 24-29-ը նախաձեռնել է օնլայն միջոցառումների շարք՝ «Այվազովսկու օրեր» խորագրով։ Ծրագրի շրջանակում Թեոդոսիայի Հ․ Այվազովսկու պատկերասրահի և Հայաստանի ազգային պատկերասրահի գործակցությամբ նախատեսվում է վիրտուալ էքսկուրսիաներ, դասախոսություններ, վիկտորինաներ և ծանոթություն Այվազովսկու ժառանգների հետ։ Այս մասին հայտնում են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի մամուլի ծառայությունից:
«Հովհաննես Այվազովսկին ծնվել է Թեոդոսիայում՝ հայկական ընտանիքում։ Ծովանկարիչը հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշն է, նրա արվեստը միավորում է բոլոր ազգերին։ 200 տարի անց էլ Այվազովսկու անունով անվանակոչվում են օդանավակայաններ, տեղադրվում հուշարձաններ։ Գեղանկարիչը թողել է համաշխարհային մեծ ժառանգություն»,- նշում է Երևանում «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Հուլիսին Թեոդոսիայում գեղանկարչի պատկերասրահը մարդաշատ է լինում տեղացիներով և զբոսաշրջիկներով։ Հ․ Այվազովսկին Թեոդոսիայի խորհրդանիշն ու այցեքարտն է, քաղաքի բոլոր ցուցանակները տանում են դեպի ծովանկարչի տուն, որն այժմ պատկերասրահ-թանգարանի է վերածվել։ Այս տարի, համավարակով պայմանավորված, «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնը, ստեղծեց հնարավորություն օնլայն ծանոթանալ ծովանկարչի կյանքին, կենսագրությանն ու թողած ժառանգության պատմությունը: Վիրտուալ էքսկուրսիան կվարի պատկերասրահի տնօրենը՝ Տատյանա Գայդուկը։
«Իհարկե, ոչինչ չի փոխարինի գեղանկարչության հետ անմիջական, կենդանի շփմանը, առավել ևս Այվազովսկու աշխատանքների դեպքում, սակայն սա ևս հիանալի առիթ է վայելել գեղանկարչի փառահեղ աշխատանքները»,- նշում է պատկերասրահի տնօրեն Տատյանա Գայդուկը։
«Այվազովսկու օրեր» միջոցառումների շրջանակում, Այվազովսկու ժառանգները Ավստրալիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից տեսաուղերձներով շնորհավորել են իրենց նախապապի 203-ամյակը և պատմել հետաքրքիր պատմություններ։
«Այվազովսկին հետևում էր ռազմական նավերի շարժին և տախտակամածի վրայից նոթատետրում նշումներ անում, 20-րդ դարում նույն վայրերն էին այցելում նրա թոռները, հիմա նույն վայրեր ենք այցելում մենք՝ մեծ ծովանկարչի ժառանգները»,- պատմում է Իրինա Կասացկայան, Այվազովսկու երկրորդ դստեր ժառանգը։ Իրինա Կասացկայան ծովանկարիչ Ալեքսեյ Հանզենի ծոռն է։ Հանզենը Հովհաննես Այվազովսկու թոռն է, ով շարունակել է պապու գործը։
Այվազովսկու սիրելի թոռը Օլգա Արցեուլովայի հայրն էր, օդաչու-նորարար Կոնստանտինը։ Օ․Արցեուլովան պատմում է, որ միայն նրան էր թույլատրված գտնվել պապիկի աշխատասենյակում, երբ Այվազովսկին նկարում էր։
«Ծնվել և արդեն 80 տարի ապրում եմ Մոսկվայում, ցավոք Հայաստանում երբեք չեմ եղել, բայց տարիքի հետ ավելի շատ եմ զգում խորը գենետիկ կապը հզոր և տաղանդավոր հայ ազգի հետ, որի զավակն էր իմ համաշխարհային համբավ ունեցող նախապապը»,- պատմում է Օլգա Արցեուլովան, Այվազովսկու փոքր դստեր ժառանգը։
Այվազովսկու տարեդարձը նշում են նավաստիները, արվեստասերները, արվեստագետները, նավատորմի վետերանները։ Այվազովսկու երրորդ դստեր՝ Ալեքսանդրայի հետնորդները՝ Լյուսի և Ֆեդերիկա Ռոդջերսը, վերջին տարիներին այցելել են Թեոդոսիա և Հայաստան:
«Թեոդոսիան ու Հայաստանը ցնցող էին։ Առնչվեցինք հսկայական պատմության հետ, հանդիպեցինք հաճելի մարդկանց: Հիացած էինք հզոր պատմությամբ, գեղեցիկ վանքերով: Շնորհակալություն, որ հիշում եք մեզ: Մենք էլ հիշում ենք ձեզ և հուսով ենք, որ շուտով կվերադառնանք»,- պատմում է Լյուսի Ռոդջերսը։
Միջոցառումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
- Sotheby's-ն աճուրդում ներկայացնելու է Այվազովսկու կտավներից
- Պետերբուրգում գործում է «Այվազովսկի և Ռերիխ՝ վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդեսը
- Այվազովսկու մասին ֆիլմ է նկարահանվում
- Աճուրդում վաճառվել է Հովհաննես Այվազովսկու «Իսկյան մայրամուտին» կտավը
- Մեկ նկարի թանգարանի նոր ցուցանմուշը կլինի Այվազովսկու կտավը
- Աճուրդում կներկայացվի Այվազովսկու կտավը
- Օսկարակիր ռեժիսոր Հյու Վելչմանն իր նոր նախագծերում օգտագործելու է Այվազովսկու պատկերները
- Ղիմում առաջին անգամ ելույթ կունենա Այվազովսկու ժառանգը
- Փորձագետ. Այվազովսկու կտավները չէին կարող գտնվել Ղրիմի մոտ խորտակված նավում
- Սիմֆերոպոլի օդանավակայանում բացվել է Այվազովսկու 202-ամյակին նվիրված ցուցահանդես
- Այվազովսկու՝ մասնավոր հավաքածուներից կտավները մեկ ցուցահանդեսում
- Ղրիմում կվերանորոգվի Այվազովսկու անվան պատկերասրահը
- Ղրիմում Այվազովսկու պատկերասրահի հիմքի վրա կստեղծվի թանգարանային թաղամաս
- Այվազովսկու և այլ հայտնի արվեստագետների հազվագյուտ աշխատանքներ կներկայացվեն Պետերբուրգում
- Ճապոնացիները խնդրել են երկրորդ անգամ ցուցադրել Այվազովսկու «Իններորդ ալիք» կտավը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան