Արման Սաղաթելյան. Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական ավերումը տալիս են իրենց դառն ու դաժան պտուղները
Հասարակական, քաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանն անդրադարձել է Ռուսաստանում ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ ագրեսիվ գործողություններին, նկատել, որ սահմանին տեղի ունեցածն առիթ է միայն, և ոչ թե պատճառ։
«Արտաքին հարաբերություններն ու անվտանգությունը (ներառյալ տեղեկատվականը) ո´չ կենացներ են և ո´չ էլ live-երում դատարկաբանելու թեմաներ։ Դա աշխատանք է` ծանր, դժվարին, համակարգված ու ամենօրյա։ և երբ այդ աշխատանքը չի կատարվում կամ կատարվում է զուտ կատարվելու համար, արվում են չկշռադատված քայլեր ու հայտարարություններ, ապա դրա գրեթե երաշխավորված հետևանքը նյութականանում է շատ արագ և ստանում շատ շոշափելի բացասական դրսևորումներ։
Ցավոք, տեղեկատվական հակազդեցության բացակայությունն ու դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերությունների հետևողական ավերումը տալիս են իրենց դառն ու դաժան պտուղները։
Ադերբեջանի կողմից տարիներով ձևավորված ու պարբերաբար հրահանգավորվող ցանցային կառույցները ռուսական առաջատար լրատվամիջոցներում հակահայկական ու մեծամասամբ անպատասխան մնացած ու չհավասարակշռված հրապարակումները ընկալում են որպես Հայաստանի և հայության դիրքերի նահանջ ու ազդանշան` հայերի նկատմամբ ագրեսիվ գործողությունների շղթայի մեկնարկը տալու համար։ և այդ ամենը տեղի է ունենում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող մարտերին զուգահեռ:
Սահմանին տեղի ունեցածն առիթ է միայն, և ոչ թե պատճառ։ Պատճառն արտաքին կարևորագույն ուղղություններով ու տեղեկատվական հակազդեցության աշխատանքների տապալումն է:
Փոխարենը բաժակաճառեր են և սրան-նրան թիրախավորել ու մեղքն ուրիշի վրա բարդել: Փոխարենը սեփական պատկերն ուրիշի հայելում տեսնելով` հայելու ուղղությամբ քարեր նետելն է։ Բայց դրանից պատկերը ոչ մի կերպ չի փոխվելու, իսկ հայելին ջարդելուն պես պատկեր ընդհանրապես չի լինելու»,-գրում է նա ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան