Լիբանանի պաշտպանության նախկին նախարար. Մենք հայերի հետ ենք
Լիբանանի՝ երկար տարիների պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, հայտնի քաղաքական գործիչ Յակուբ Սարաֆին ֆեյսբուքյան ու թվիթերյան գրառումներով դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։
Նա գրել է.
«Վճռականորեն դատապարտում եմ հուլիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի դեմ իրականացված ռազմական հարձակումը։ Շատ մտահոգիչ է, որ այդ ռազմական գործողությունները նաև ուղեկցվել են Հայաստանի ատոմային էլեկտրակայանը հրթիռակոծելու սպառնալիքներով։ Նման միջուկային սպառնալիքներն անպատասխանատու են և, միանշանակ, պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։
Պատահական չէ, որ Ադրբեջանին աջակցած և այդ անպատասխանատու գործողություններին դրդած միակ երկիրը Թուրքիան էր։ Թուրքիայի ապակայունացնող դերն իր մի շարք հարևան տարածաշրջաններում վկայում է այդ երկրի չհիմնավորված թշնամական վերաբերմունքի մասին Հյուսիսային Աֆրիկայից մինչև Մերձավոր Արևելք, Հարավային Կովկասից մինչև Արևելյան Միջերկրականի խաղաղ ժողովուրդների նկատմամբ։
Մենք դարեր շարունակ ճանաչում ենք Հայաստանը և հայերին, գիտենք նրանց քաղաքակրթական դերը Միջին Արևելքի պատմության մեջ, մենք նրանց ճանաչում ենք որպես Լիբանանի նվիրված քաղաքացիներ, որոնք ունեն ազգային և տարածաշրջանային ինքնության ուժեղ զգացողություն:
Գիտենք անվտանգության նկատմամբ նրանց զգայուն վերաբերմունքի մասին և ականատես ենք եղել իրենց ազգային օրակարգին սպառնացող բոլոր վտանգների և մարտահրավերների հաղթահարման գործում նրանց միասնականությանը։ Մենք նրանց կողքին ենք»։