«Իրատես». Զոհված զինվորների փառավոր հաղթանակն իշխանությանը վերագրելը սրիկայություն է
«Իրատես» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական սահմանին մեկ շաբաթից ավելի լարված իրավիճակ է: Հակառակորդը չի կարողանում համակերպվել դիրքային կորստի հետ ու ժամանակ առ ժամանակ սադրանքներ է հրահրում: Ի պատիվ զինված ուժերի ստորաբաժանումների՝ ադրբեջանցիների դիվերսիոն խմբերը հետ են շպրտվում, նրանց զինծառայողները՝ շրջափակման մեջ հայտնվում, զինտեխնիկայի մի մասն էլ՝ մեր կողմին անցնում: Այս ամենը հայկական հզոր բանակի բարձր գնահատականն է, այն սպաների ու բարձրաստիճան զինվորականների տքնաջան աշխատանքի արդյունքը, որ վերջին երկու տարիներին ինչ պիտակավորման ասես, որ չարժանացան: Դեռ ամիսներ առաջ դրսի տարբեր կառույցներից սնվող մի շարք կազմակերպություններ բանակի սպայական կազմին ստոր մեղադրանքներ էին վերագրում: Այսօր սակայն ականատես ենք լինում, թե հանուն զինվորների կյանքի անվտանգության սպաներն ինչ անձնազոհությունների են գնում: Այդպես է եղել նաև 2016-ի քառօրյայի, Արցախյան պատերազմի ու, առհասարակ, բոլոր պատերազմների ժամանակ: Բայց հասարակությանը կրծող որդը փորձում է նսեմացել, գետնով տալ հայրենիքի համար կյանքը տվողների պատիվը: Սպաներից բացի, որոնց ինչ-ինչ փորձագետիկներ զինվորների հետ, մեղմ ասած, վատ վարվելու մեջ են մեղադրում, թիրախավորվում են նաև բարձրաստիճան զինվորականները:
Այս օրերին որոշ շրջանակներ շահարկում են հակառակորդի դիվերսիոն բոլոր հարձակումներին արժանի հակահարված տված և դիրքային առավելության հասած Գրիգորի Խաչատուրովի ու նրա հոր՝ Յուրի Խաչատուրովի անունները: Բանակը, սակայն, դուրս է քաղաքական խաղերից, այն սուրբ վայր է, որտեղ զինվորական ճշտապահության ու ճշգրտության ոսկի կանոնն է գործում: Թե ով է Գրիգորի Խաչատուրովի հայրը, ինչ է արել կամ չի արել, խիստ երկրորդական է: Հիմա կրտսեր Խաչատուրովին մեծարելու և երախտիքի խոսքեր ասելու ժամանակն է: Քայլարածներն ու սորոսականները, որ ամենատարբեր պատրվակներով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից, իրավունք չունեն հոխորտալու բանակի ու նրա արժանապատիվ գեներալների վրա: Այո, ազգը բանակ է, բանակը՝ ազգ, իսկ ներսից ազգին հարվածողը թշնամուց առավել վտանգավոր է:
Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր հաստատվելուց հետո իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում վերջին օրերի տավուշյան իրադարձութունները 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմի հետ համեմատելու համար: Բարձրաստիճան պաշտոնյաները, որ բանակի մասին միայն ճառել գիտեն, զենք մոտիկից, երևի թե, չեն էլ տեսել, բանակից անհայտ ճանապարհներով ազատվել են, այժմ խոր մասնագիտական վերլուծություններ են անում ու ամեն բան տանում համեմատության դաշտ:
Հիշողության հետ խնդիր ունեցող չինովնիկներին նախ հորդորում ենք ամեն առավոտ շաքարաջուր խմել, ապա բացել համացանցում պահվող հսկայական տեսադարանն ու վերհիշել դեպքերի քրոնիկոնը: 2016-ի քառօրյային հակառակորդը հարձակվել էր սահմանի ամբողջ երկայնքով, հետևաբար՝ այն այս օրերի ռազմական գործողությունների հետ ընդհանրապես համեմատելի չէ՝ ո՛չ մարտավարական, ո՛չ էլ ռազմավարական քայլերի առումով: Իշխանության մոտեցումը, իհարկե, գոնե մեզ համար հասկանալի է. հասարակության աչքին բարձր երևալ, նրանց «ականջից լապշա կախել», թե «ժողովուրդ ջան, պատկերացնու՞մ եք՝ ի՞նչ ահավոր կլիներ, եթե նախկին իշխանությունների օրոք այս կռիվները լինեին» և այլն: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ պարզագույն ու քստմնելի մանիպուլյացիա, «շնաբարո դուրսպրծուկների (ականջդ կանչի, Նիկոլ) վնգստոց: Զոհված զինվորների փառավոր հաղթանակն իշխանությանը վերագրելը սրիկայություն է, սինլքորություն: Կրակոցի ձայնի տակ ինքնագովազդվելը փոքրոգիության, բանակը չհարգելու ու այն սեփական ամբիցիաներին ստորադասելու մասին է վկայում:
2016-ի քաղաքական վերադասավորումներից հետո բանակը միակ կառույցն է, որտեղ հեղափոխական շորշոփը (փա՜ռք Աստծո) չի հասել, ու դա ուղղակի հրաշալի է: Նախկին իշխանության լավագույն կադրերն են այժմ պաշտոնավարում ՊՆ-ում, քայլելու դիմաց մանդատներ ստացածներն այստեղ տաքուկ չեն տեղավորվել, և այդ առումով գոնե դույզն-ինչ հանգիստ ենք»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: