Քաղաքացիները բողոքի ցույց են անցկացնում ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան դիմաց
Այսօր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց մի շարք քաղաքացիներ, հիմնականում ՌԴ, բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով, որպեսզի իրենց հնարավորություն տրվի մեկնել Ռուսաստան: Նրանք նշում են, որ ՌԴ դեսպանությունն իրենց հրաժարվում է օգնել:
Ակցիայի մասնակիցները նամակ փոխանցեցին, միաժամանակ նշեցին, որ եթե իրենց խնդրին լուծում չտրվի, իրենք հուլիսի 30-ին գնալու են Բագրատաշենի անցակետ:
Իրավապաշտպան Դավիթ Հարութունյանը լրագրողներին ասաց, որ դեսպանությունն ինքնամեկուսացել է, ՌԴ քաղաքացիներին անուշադրության է մատնել, չեն օգնում մարդկանց: Նա նշեց, որ մարդիկ գրանցվում են տոմս գնելու համար, սակայն պատասխան են ստանում, որ տեղեր այլևս չկան:
«Ինչ որ մասնավոր գրասենյակների շուտ են փոխանցում տեղեկատվությունը, տոմսերը գնում են, իսկ սովորական մարդիկ մնում են առանց տոմսերի»,- նշեց նա:
Իրավապաշտպանի խոսքով, այս մարդկանց անտեսում է և ՌԴ դեսպանությունը, և ՀՀ կառավարությունը. «Պետք է հարգել այս մարդկանց, որպեսզի նրանք կրկին ցանկանան վերադառնալ Հայաստան»:
Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց, որ Հայաստան է եկել փետրվարին, համավարակի պատճառով սահմանները փակելուց հետո չի կարողանում վերադառալ Ռուսաստան. «Տուն ենք վարձել, բայց արդեն գումար չկա վճարելու համար: Հաշվեք՝ մնացել ենք փողոցում, ապրուստի միջոց չկա: Ամեն օր այստեղ եմ գալիս, ոչ մի պատասխան, որևէ մեկը չի ընդունում»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան