Էդմոն Մարուքյան. Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը տարբեր երկրներում ապրող հայերին կոչ է անում չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին։
«Ուժի գործադրման մեկ տարածք կա
Իհարկե քաղաքական, տնտեսական, մշակութային, սպորտային ասպեկտներում կարելի է և անհրաժեշտ է մրցակցել ադրբեջանցիների հետ, բայց փողոցային հաշվեհարդարն ու ֆիզիկական բռնությունը չեն կարող մեր դրսևորման միջոցները լինել: Պետք է հասկանալ, որ այս ամենի արդյունքում վտանգվում է աշխարհի տարբեր կետերում ապրող հայերի կյանքը:
Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին և չներգրավվել հրահրվող ազգամիջյան բախումներին: Դա անթույլատրելի և կործանարար պրակտիկա է:
Անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն և հանգստություն ու մեկընդմիշտ արձանագրել, որ ուժի կիրառման համար նախատեսված ընդամենը մեկ տարածք կա` հայ-ադրբեջանական սահմանը, որտեղ մեր զինվորներն ու սպաները պաշտպանում են մեր հայրենիքն ու անհրաժեշտության դեպքում ուժի կիրառմամբ պարտադրում խաղաղություն:
Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներին դեսպանատներում և հյուպատոսարաններում բացել թեժ գծեր՝ հավաքագրելու համար մեր այն հայրենակիցների տվյալները, ովքեր ենթարկվել են բռնության ադրբեջանցիների հարձակման հետևանքով և տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան իրավական գործընթաց սկսել՝ անհրաժեշտ իրավաբանական և այլ աջակցություն ցուցաբերելով մեր հայրենակիցներին»,-գրել է քաղաքական գործիչը ֆեյսբուքյան իր էջում։
Ավելի վաղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը կոչ է արել ստեղծված իրավիճակում ձևավորել փաստաբանական խմբեր տուժածներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար, գրագետ ձևակերպված հայցեր ներկայացնել, ստեղծել տեղեկատվության կենտրոնացված բազա, զերծ մնալ անմեղ քաղաքացիների դեմ պատասխան գործողություններից, հետևել նախազգուշական միջոցներին։
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների՝ «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Ա. Աբրահամյանի և «Կիևսկայա Պլոշչադ» ՍՊԸ-ի ղեկավար Գ.Ս. Նիսանովի հետ:
Քննարկվել է ադրբեջանական և հայկական համայնքների դերը ՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության և ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը շրջանակում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին