ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը կոչ է անում տեղի չտալ ադրբեջանցիների սադրանքներին
Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրերին տեղի ադրբեջանցիների կողմից իրականացվել են սադրիչ գործողություններ: Վերջիններս այս գիշեր խմբերով հարձակվել են հայկական համարանիշներով ավտոմեքենաների վրա, կոտրել դրանք, ուղևորներին պատճառել մարմնական վնասվածքներ: Այդ դեպքերի կապակցությամբ հայտարարություն է տարածել ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը, որում ասվում է.
«Վերջին օրերին մենք շարունակել ենք արձանագրել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակով պայմանավորված լարված իրավիճակը Ռուսաստանի Դաշնության տարածք տեղափոխելու և երկու ժողովուրդների համայնքների միջև կոնֆլիկտ հրահրելու ադրբեջանական կողմի փորձերը:
Մասնավորապես, այս դրսևորումները տեղի են ունենում Մոսկվայի և Ռուսաստանի այլ քաղաքների առևտրատնտեսական հարթակներում, որոնք այս կամ այն կերպ կապված են Ադրբեջանի իշխանությունների հետ:
Անցած գիշերվա իրադարձությունները, որոնք ուղեկցվեցին բազմաթիվ սադրանքներով, ինչպես նաև հայերի վրա հարձակումներով, ցավոք, ևս մեկ անգամ ցույց են տալիս ադրբեջանական կողմի գործողությունների միտումնավոր բնույթը: Այս սադրանքների նպատակն է խաթարել Ռուսաստանում ազգամիջյան համերաշխության հիմքերը, բազմազգ հասարակության մեջ նպաստել լարվածության աճին և կոնֆլիկտային իրավիճակների նախադեպեր ստեղծել:
Դեսպանությունը, Ռուսաստանի հայերի միությունը և այլ կառույցները Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմիններին տեղեկացրել են այս գիշեր տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև սադրանքների այլ փորձերի մասին:
Մենք կարծում ենք, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու ուղղությամբ, որպեսզի խուսափենք հետագա զարգացումներից: Ռուսաստանի տարածքում գործող տնտեսվարող սուբյեկտները, անկախ ազգությունից և քաղաքացիությունից, պետք է պահպանեն Ռուսաստանի Դաշնության օրենքները:
Միևնույն ժամանակ, ելնելով ստեղծված իրավիճակից, հայկական համայնքը զանազան սադրիչ գործողություններում ներգրավելու փորձերից, մենք մեր հայրենակիցներին հորդորում ենք լինել զգոն, զսպված և չենթարկվել սադրանքներին, չմասնակցել տարբեր գործողություններին կամ նախաձեռնություններին, որոնք կազմակերպվում են ի պատասխան ադրբեջանական կողմի սադրանքների:
Մենք շարունակում ենք աշխատել ծագած խնդիրները լուծելու ուղղությամբ՝ հավատարիմ մնալով ազգամիջյան հանգստության պահպանման սկզբունքին:
Ցանկացած սադրիչ դրսևորում արձանագրելու դեպքում խնդրում ենք անմիջապես հաղորդել ՀՀ դեսպանատան, Ռուսաստանի հայերի միության և այլ կառույցների թեժ գծերին, ինչպես նաև կապ հաստատել իրավապահ մարմինների հետ»:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի հայերի միությունը դատապարտել է համայնքը քաղաքական գործընթացներում ներքաշելու փորձերը
- Էդմոն Մարուքյան. Սփյուռքի մեր հայրենակիցներին հորդորում եմ չտրվել սադրանքներին
- Հայ համայնքը հայտնել է Մոսկվայում հայերի վրա մի շարք հարձակումների մասին
- Ռուսաստանի հայերի միություն․Ալիևն ու Բյուլբուլ-օղլուն ամեն ինչ անում են, որպեսզի Ռուսաստանը վերածվի Սումգայիթի
- Ադբեջանցիները խմբերով Մոսկվայում հարձակվում են միայնակ հայերի վրա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին