Բարձր միավորներով բուհ չընդունված դիմորդների ծնողները կդիմեն դատարան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը հանդիպել է բարձր միավորներ ստացած, բայց որևէ բուհ չանցած կամ վերջին հայտերով ընդունված դիմորդների ծնողների հետ:
Հանդիպումից հետո ծնողներից մեկը նախարարության դիմաց հավաքված դիմորդներին ու նրանց ծնողներին ասաց, որ այս պահի դրությամբ նախարարությունը դեռ խնդիրներ ունի:
Նա նշեց, որ այժմ կներկայացնի այն, ինչ առաջարկել են իրենց. «Ես այնպես հասկացա, որ իրենք ստացիոնարի մասով չեն կարողանում տեղեր ավելացնել: Մտածում են հեռակայի մասով տեղեր ավելացնել: Կան մասնագիտություններ, որոնց պահով խոստանում են, որ ձեր ստացած գնահատականներով, առանց մրցութային կարգի, կնստեք հեռակա: Իհարկե, այն մասնագիտությունները, որոնք ունեն հեռակա»:
Նրա խոսքով, Բշկական համալսարան դիմած դիմորդները զրկվում են նման իրավունքից, քանի որ այն հեռակա չունի: Ծնողն ասաց, որ կան մասնագիտություններ, օրինակ, իրավաբանական, հեռակայից ստացիոնար հնարավոր չի լինելու տեղափոխել, միջազգային հարաբերությունները դեռ ճշտված չէ: Հանրային կառավարում, պատմական, քաղաքագիտություն բաժիններից հնարավոր է հեռակայից տեղափոխել ստացիոնար:
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ միայն 6 դիմորդ կա, որ 18-ից բարձր են ստացել, որոնք հնարավոր է, որ ընդունվեն ստացիոնար բաժին, բայց իրավաբանական չեն կարող ընդունվել, նախարարությունն առաջարկում է միջազգային հարաբերությունների բաժինը:
Ծնողներն ասացին, որ երկուշաբթի կրկին հանդիպում են ունենալու նախարարությունում՝ հստակեցնելու, թե ընդունելության համար ինչքան տեղ կարող են ավելացնել, կհայտնեն անցողիկ շեմը:
Հանդիպման ներկա ծնողներից մեկն ասաց, որ իրենց հիմնական պահանջն այն է, որ իրենց երեխաները սովորեն ստացիոնար, չորս օր չեն հավաքվել հեռակայի համար, քանի որ առանց նախարարության առաջարկության էլ իրենց երեխաները կանցնեին հեռակա:
Այնուհետև նա հայտարարեց. «Առաջարկում եմ այս հարցի լուծումը գտնենք դատական կարգով: Իրավաբանական խմբի ղեկավարի հետ եմ հանդիպել: Իր խմբի անունից առաջարկեց, որ մեր անունից հայց ներկայացվի միանգամից Սահմանադրական դատարան: Մարդն ուսումնասիրել է մեր գործունեությունը, ԳԹԿ կազմակերպած քննական աշխատանքները, մրցույթը, ասում են, որ իրավական տեսանկյունից մենք հաղթելու ենք, քանի որ մեզանից որևէ մեկը պատշաճ չի տեղեկացվել 59-րդ կետի մասին: Ոչ պատշաճ ծանուցել են, ոչ էլ ուզում են իրենց սխալն ընդունել»:
Ներկա ծնողները լիազորեցին կոնկրետ այդ ծնողին, որպեսզի կազմակերպի դատարան դիմելու գործընթացը: Նա էլ ընդգծեց, որ ստորագրություններ կհավաքեն, մոտ օրերս հայց կներկայացնեն ընդդեմ ԿԳՄՍ նախարարության, ԳԹԿ-ի:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է բուհ չընդունված դիմորդները և նրանց ծնողներն բողոքի ակցիաներ են անցկացնում ԿԹԿ-ի, կառավարության, ԿԳՄՍ նախարարության դիմաց: Բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրացված բաժիններում տեղ չի եղել, իսկ այս տարի առաջնությունը տրվել է առաջին հայտին: Նրանք առաջարկում էին տեղեր ավելացնել բարձր միավորներ ստացած դիմորդների համար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ փոխնախագահը հանդիպել է դիմորդների և նրանց ծնողների հետ
- Փոխնախարարը բուհեր չընդունված դիմորդների ծնողներին խոստացել է որոշակի լուծումներ
- ՄԻՊ-ը հանդիպեց բողոքող դիմորդներին ու նրանց ծնողներին
- Որ այսպիսի նախարար ունենանք, դժվար լավ բան սպասենք. դիմորդներն ու ծնողները՝ ԱԺ դիմաց
- ՄԻՊ-ը բուհեր չընդունված դիմորդների ու նրանց ծնողների բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդների ծնողները ներկայացրեցին իրենց առաջարկությունը
- ԳԹԿ փոխտնօրեն. Կրթական գերատեսչությունը մոտեցում է փոխել
- Բարձր միավորներ ստացած ու բուհեր չընդունված դիմորդներն ու ծնողները բողոքի ակցիա են իրականացնում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան