Կլիմայի փոփոխությունը մեծ ազդեցություն ունի մարդկանց առողջության վրա
Կլիմայի փոփոխությունը չի առաջացնում նոր ազդեցություններ, սակայն վատթարացնում է կլիմայի նկատմամբ հիվանդությունների բեռը։ Անդրադառնալով կլիմայի փոփոխության ազեդեցությունից՝ մարդու առողջության վրա, ասում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։
«Եթե ինչ-որ մի գործոնի ազդեցությամբ կարող ենք ունենալ հիվանդություն, ապա կլիմայի փոփոխությունը դրա ազդեցությունն ավելի վատթարացնում է կամ սրում»,- նշում է մասնագետն ու հավելում, որ դրանցից են հատկապես ջերմաստիճանի բարձրացումը, տեղումների քանակի փոփոխությունն ու վտանգավոր օդերևութաբանական երևույթների ավելացումը ՝ ցրտահարություն, կարկուտ և այլն։
«Օրինակ՝ վարակիչ հիվանդությունների տարածվածությունը կարող է պայմանավորված լինել օդի աղտոտվածությամբ։ Առհասարակ, կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ակնկալվում է, որ կավելանան շոգով և ջերմային ալիքներով պայմանավորված հիվանդությունները»,- ավելացրեց Բակունցը։
Ջրհեղեղների, հրդեհների և այլ աղետների դեպքում առողջությանը հասցված վնասները, կարծես թե, պարզ են, որոշ դեպքերում նույնիսկ մահացու։ Սակայն մասնագետները պնդում են, որ օրինակ ՝ ջրհեղեղների ժամանակ ամենից շատ հոգեբանական և զգացմունքային սթրեսն է լինում նշանակալի։
Այս ամենով հանդերձ, կլիմայական փոփոխությունների դեմ որքանով էլ մարդը փորձում է պայքարել, փաստն այն է, որ անոմալ երևույթները գնալով ավելի ցայտուն են դառնում։
Մի շարք հետազոտությունների համաձայն՝ մինչև 2100 թվականը Հայաստանում ջերմաստիճանը նորմայից կբարձրանա 4,5-5 աստիճանով։ Ինչը նշանակում է, որ այն անհետևանք չի կարող մնալ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկանց առողջության վրա։
Ուստի , հաշվի առնելով այս ամենը, կենսական նշանակություն են ստանում միջոցառումները, որոնք օգնում են մեղմել կամ կանխարգելել կլիմայի փոփոխության վնասակար հետևանքները, ինչպես նաև գտնել լուծումներ կլիմայական նոր պայմաններում ապրելու և զարգանալու համար։ Այս կարևոր գործընթացի հիմնական շահառուն հանրության բոլոր շերտերն են՝ պետությունից ու մասնագիտական համայնքներից մինչև շարքային բնակիչ։
Հավելենք նաև, որ պետական և միջազգային կազմակերպությունները համատեղ իրականացնում են «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ծրագիրը, որը միտված է կլիմայի փոփոխությամբ պայմանավորված մարտահրավերներին դիմակայելուն։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի