«Արմմոնո» փառատոնն այս տարի նվիրվելու է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին
«Ոչ մեկը պատկերացում չուներ, թե ինչպես պետք է անցկացվի փառատոնը, բայց գտանք տարբերակը՝ ներկայացումները կլինեն բացօթյա և առցանց եղանակով»,- այսօր հայտնեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:
Վերջինս տեղեկացրեց, որ այս տարի հանդիսատեսը կդիտի 21 ներկայացում, իսկ միջազգային ծրագիրը, որը բաղկացած է 7 ներկայացումից, կլինի օնլայն:
Նրա խոսքով, թատերական միջոցառման մասնակիցներ կլինեն Գորիսից, Կապանից, Աբովյանից, իսկ Վանաձորում կլինի երկու ներկայացում:
Փառատոնը նվիրված է Հրանտ Մաթևոսյանի 85-ամյակին և կբացվի նրա «Գոմէշը» ստեղծագործության բեմադրությամբ, որում կխաղան ինչպես երիտասարդ ուսանողներ, այնպես էլ ավագ սերնդին ներկայացնող դերասան Հակոբ Ազիզյանը: Ներկայացումը բեմադրել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Նարինե Գրիգորյանը:
«Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանը «Արմմոնո» փառատոնի տնօրենին և Նարինե Գրիգորյանին շնորհակալություն հայտնեց, որ այս տարի այն նվիրվել է Հրանտ Մաթևոսյանի 85 ամյակին:
«Հոբելյանի համեստ և աննկատ անցնելու ֆոնին, հասկանալի է, կորոնավիրուս և այլն, մի փայլատակում էր, ինչպես, որ փայլատակում էր օրեր առաջ «Ոսկե ծրանի»՝ դարձյալ վիրտուալ շրջանակներում Հրանտ Մաթևոսյանի և Աղասի Այվազյանի աստղերի բացումը Շառլ Ազնավուրի հրապարակի փառքի աստղաբույլի մեջ»,- նկատեց Դավիթ Մաթևոսյանը:
Վերջինս լավ հեռանկար է տեսնում «Գոմէշը» ներկայացմանը համար և հավելեց, որ դրանով մասնակիցները քննություն են հանձնում հանդիսատեսի և ժողովրդի առաջ:
Մարիաննա Մխիթարյանը տեղեկացրեց, որ փառատոնը մասնակցել է ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհին և շահել են:
Ըստ բանախոսի՝ փառատոնն արդեն 18 տարի այդ ձևով գումար է ստացել նախարարությունից: Այս տարի բացի պետական գերատեսչությունից փառատոնն ունի նաև երկու գործընկեր:
Տնօրենը հայտնեց, որ քաղաքացիները ներկայացումներին կարող են հետևել նաև «Արմմոնո» փառատոնի ֆեյսբուքյան էջում: