Երբ որ քաղաքապետի քեֆը տա՝ ստորագրի՞, կամ չստորագրի՞. վթարային շենքի բնակիչներ
«Երբ որ քաղաքապետի քեֆը տա՝ ստորագրի՞, կամ չստորագրի՞»,- քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ հայտնեց Վարդաշենի 6-րդ փողոց, 66/1 վթարային հանրակացարանի բնակիչներից մեկը:
Վերջիններս հայտնեցին, որ ԱԻՆ ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ից եկել և շենքը գնահատել են 4-րդ կարգի վթարային, սակայն Երևանի քաղաքապետը չի ստորագրում եզրակացությունը, որպեսզի շենքի 88 բնակիչներին ժամանակավոր բնակարաններ հատկացնեն մինչև նոր շենքի կառուցումը:
Ակցիայի մասնակից 5 բնակիչները նկատեցին, որ պարգևավճարների համար գումար ունեն, իսկ վթարային շենքի բնակիչների հարցը չեն ուզում լուծել՝ միջոցներ չլինելու հիմնավորմամբ:
«Սպասեն, որ շենքը փլվի, զոհեր լինի, նոր ասեն՝ ինչու չի լուծվում»,- հայտնեց բնակիչներից մեկը:
Քաղաքացիները ակցիա են կազմակերպել, քանի որ օրեր առաջ շենքը շարժվել է, իսկ բնակարաններում 2-3 երեխաներ ունեցող ընտանիքներ են ապրում: Շենքը չունի տանիք, նկուղներում մշտապես ջուր կա կուտակված՝ 80 տոկոս խոնավությամբ:
Բնակիչները ցանկանում են քաղաքապետից տեղեկանալ, թե ինչու չի ստորագրում սեյսմիկ ծառայության եզրակացությունը:
Շենքի բնակիչ Հասմիկ Համբարձումյանը տեղեկացրեց, որ 2015 թվականից դիմում են տարբեր գերատեսչություններին՝ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց ոչ մեկը չի արձագանքել:
Նրա խոսքով, իրենց ահազանգին նախորդ տարի արձագանքել է միայն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը՝ այնտեղ ուղարկելով ԱԺ-ի և Երևանի ավագանու խմբակցությունների պատգամավորներին:
Ակցիայի մասնակիցներին մոտեցած Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները պետք է լուծեն խնդիրը, որը չի անում:
Ըստ նրա, ասֆալտապատումն այդքան էական չէ, ինչքան 4-րդ կարգի շենքի բնակիչների խնդրի լուծումը, քանի որ մարդկանց անվտանգության հարց է: Ցուցարարներին մոտեցավ նաև ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:
Հանրակացարանի բնակիչ Հասմիկ Համբարձումյանը հայտնեց, որ բոլոր նախագահների ժամանակ պայքարել են, ինքն անձամբ ընտրել է Նիկոլ Փաշինյանին, որ շենքի հարցը լուծվի:
Ակցիայի վերջում ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը բնակիչներին բերեց ‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի որոշումը, որտեղ ամրագրված է, որ շենքը 4-րդ կարգի վթարային է և խոստացավ՝ իրենց խմբակցությունը կանի ամեն ինչ, որպեսզի հաջորդ տարվա բյուջեով միջոցներ տրամադրվեն շենքի խնդիրը լուծելու համար: