Խմբակցությունում կարգապահական քննարկումներ պարբերաբար լինում են և տարբեր հարցերի շուրջ. Լիլիթ Մակունց
«Գաղափարային և արժեքային հարցերում «Իմ քայլը» խմբակցությունում տարաձայնություններ չկան և չեն կարող լինել»,-մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺ իշխող մեծամասնության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով խմբակցության մեջ եղած տարաձայնությունների մասին հարցին:
Նա հավաստիացրեց, որ որևէ կերպ «Իմ քայլը» խմբակցությունը միասնականության հետ որևէ խնդիր չունի:
Ենթադրելով, որ նման կարծիք է ձևավորվել առանձին հարցերի շուրջ խմբակցության ներսում բուռն քննարկումների պատճառով՝ Մակունցն այն բնական համարեց:
Նա հայտարարեց, որ որևէ կերպ չի պատրաստվում խոչընդոտել հանձնաժողովներում պատգամավորների կարծիքի արտահայտմանը և ընդհանուր խմբակցությանն իրենց դիրքորոշման ներկայացմանը:
Լրագրողի դիտարկմանը, որ վերջինս պարբերաբար հայտարարել է ներքին կարգապահական քննարկումների մասին, մասնավորապես ՍԴ-ի հարցի քննարկման ժամանակ՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը նկատեց, որ կարգապահական լսումներ պարբերաբար լինում են և տարբեր հարցերի շուրջ:
Լիլիթ Մակունցը փորձեց կոնկրետ օրինակով պատասխանել լրագրողի այն դիտարկմանը, որ մարդիկ կան, որոնք պնդում են, որ իշխող քաղաքական թիմից իրենց ակնկալիքները չեն արդարանում:
Նա նկատեց, որ իրենց դիմում են տնտեսվարողները՝ տարբեր մրցույթներին մասնակցելու վերաբերյալ, նույնը նաև քաղաքացիները՝ պաշտոններ զբաղեցնելու դեպքերում և հայտնում որ մրցույթների դաշտն ազատ է, բայց իրենք չեն կարողանում հաղթել կամ պաշտոնի նշանակվել:
Մակունցը շեշտեց, որ այդ ազատությունը չի կարող լինել ի հաշիվ որակի, թե ծառայությունների մատուցման, թե մասնագիական որակների առումով և իշխող ուժը չի կարող մրցույթները մի կողմ դնի և որոշումները կայացնի հայեցողական եղանակով: Ըստ Մակունցի, իրենք որևէ կերպ ազդեցություն չեն կարող ունենալ մրցույթների ընթացքի վրա:
Վերջում «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը հայտնեց, որ պաշտոնապես ԱԺ-ն արձակուրդի մեջ է բայց առանձին պատգամավորներ աշխատում են: Նրա խոսքով, առաջիկայում քննարկվելու է ՍԴ անդամների հարցը, Կուսկացությունների մասին օրենքը և դատաիրավական բարեփոխումների լայն փաթեթը: