«Փաստ». Եկեղեցու դեմ ուղղված արշավը ուղղակի հարված է հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը
«Փաստ» թերթը գրում է. «Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։ Եվ եկեղեցին ոչ միայն դիմակայել է ժամանակի փորձությանը, այլև դարերի ընթացքում ավելի է բարձրացել եկեղեցու հեղինակությունը։ Քրիստոնեության ուսմունքը քարոզելուց, տարածելուց ու պահպանելուց զատ, եկեղեցին իր վրա է վերցրել նաև ազգային տարաբնույթ հարցերի ու խնդիրների լուծման, նաև ազգապահպանման կարևորագույն գործը: Մեր եկեղեցին բոլոր ժամանակներում կյանքի ու մահվան կռիվ է տվել երկիրն ու ազգը պահպանելու համար: Արժե հիշել այն բազում ճակատամարտերը, ուր զինվորին մարտի մղող ոգին եղել են հավատն ու հայրենիքին նվիրվածությունը։
Արդյոք պատահակա՞ն էր, որ 1945 թվականի ապրիլի 19-ին Մոսկվայում Ի. Ստալինի հետ հանդիպման ժամանակ հենց կաթողիկոսի տեղապահ Գևորգ արքեպիսկոպոս Չորեքչյանն է բարձրացրել Արևմտյան Հայաստանի հողերի խնդիրը, իհարկե ոչ։ Եթե նույնիսկ օտարները ստիպված են լինում հաշվի նստել հայոց եկեղեցու հետ, ապա կարելի է պատկերացնել, թե որքանով պետք է կարևորվեր եկեղեցու առաքելությունը նորանկախ Հայաստանի գոյության ընթացքում։
Դա է պատճառը, որ գործող Սահմանադրության 18-րդ հոդվածում նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Սակայն պարզվում է, որ եկեղեցու՝ օրենքներով և Սահմանադրությամբ ամրագրված առանձնահատուկ կարգավիճակը խանգարում է իշխանական որոշ շրջանակների։
Խնդիրն այն է, որ այն ուժերը, որոնք մեծ դերակատարություն են ունեցել 2018 թվականին իշխանափոխության իրականացման հարցում, հետևողականորեն գրոհում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ և իշխանությունների միջոցով փորձում են եկեղեցու կարգավիճակը հավասարեցնել կրոնական մյուս միավորումներին։ Այս հանգամանքով է պայմանավորված, որ արդեն իսկ մամուլում տեղեկություններ են շրջանառվում եկեղեցու լայն լիազորությունները նվազեցնելու՝ անգամ գույքահարկի և եկամտահարկի հետ կապված հարցերում նոր հստակեցումներ մտցնելու վերաբերյալ։
Իսկ այսպիսի ակնարկները նշանակում են, որ իշխանություններն իրենց ունեցած մտադրությունները փորձելու են առաջիկայում ամրագրել օրենսդրական մակարդակով։ Ավելին, իշխանության մեջ կամ իշխանությանը մերձ փափուկ տեղավորված որոշ արևմտյան գրանտակերներ արդեն իսկ չեն թաքցնում, որ իրենց փափագն է Սահմանադրությամբ Հայ Առաքելական եկեղեցին հավասարեցնել մյուս կրոններին կամ հավատաճյուղերին:
Եվ քանի որ Հայաստանը գնում է նոր սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, ապա, շատ մեծ է հավանականությունը՝ նոր փոփոխություններով եկեղեցուն առանձնահատուկ կարգավիճակ չի վերապահվի։ Ըստ էության, այսպիսի քայլերը ոչ միայն անարգանք են հայոց պատմության մեջ Հայ Առաքելական եկեղեցու ունեցած պատմական առաքելության նկատմամբ, այլև ուղղակի հարված են հայ ժողովրդի հոգևոր ինքնությանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում