Գեղամ Նազարյան. Ջրային ճգնաժամը Ադրբեջանում և դրա հնարավոր հետևանքները
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Գեղամ Նազարյանն իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում ու Ադրբեջանում ջրային պաշարների հետ կապված ռիսկերին, նկատել, որ ջրային ճիշտ քաղաքականությունը էապես կարող է ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը նաև բուն հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային սեղանի շուրջ։
Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Երկրագնդում բազմաթիվ հակամարտություններ են առաջացել և առաջանում ջրային ռեսուրսների վերահսկողության և պետությունների ջրային անվտանգությունն ապահովելու համար: Ջրային հակամարտությունները լինում են մի քանի տեսակի:
Հիմնական տեսակը ջրային ռեսուրսների վերահսկողությունն է՝ երկրի ջրային պահանջմունքները բավարարելու համար: Լինում են հակամարտություններ, որտեղ ջրային ռեսուրսներն օգտագործվում են որպես ռազմական միջոց։
Ջրային ռեսուրսներն օգտագործվում են նաև որպես քաղաքական ճնշման գործիք կամ ջրային ռեսուրսները վերահսկողության տակ են վերցվում հակառակորդ երկրին հյուծելու և զարգացումը դադարեցնելու համար:
Բոլոր այս հակամարտության տեսակները առկա են մեր տարածաշրջանում։ Ադրբեջանում գնալով սաստկանում է անապատացման և ջրի սղության խնդիրը և այն վերածվում է ազգային աղետի։
Մինչ օրս աշխարհում ջրային ռեսուրսներին տիրապետելու համար արձանագրվել է ավելի քան հինգ հարյուր ռազմական բախում կամ պատերազմ, որից ամենահայտնին Գոլանի բարձրունքների գրավումն է Իսրայելի կողմից, որից հետո էապես բարելավվեց այդ երկրի ջրային անվտանգությունը և հակառակը, վտանգվեց Սիրիայի ջրային անվտանգությունը:
Իրավիճակն Ադրբեջանում
Հազվադեպ է լինում, որ Ադրբեջանի կառավարությունը՝ նախագահի գլխավորությամբ քննարկի ընդամենը մեկ հարց: Հուլիսի 24-ը բացառություններից էր: Իլհամ Ալիևի գլխավորությամբ քննարկվում էր Ադրբեջանի ջրային տնտեսության խնդիրը: Երաշտը և ջրի սղությունը հարևան երկրի կառավարությանը ստիպում են այս խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձնել:
Դեռ անցած տարի արդեն պարզ էր, որ Ադրբեջանը բախվել է լուրջ խնդրի հետ: Այս տարի այն ավելի սրվեց: Ջրի սղությունը, պակասը, բացակայությունը ահռելի վնասներ են հասցնում գյուղատնտեսությանը: Հսկայական տարածքներ մնում են անմշակ՝ ջրի բացակայության պատճառով: Երկիրն անապատացվում է: Ջրային տնտեսությամբ զբաղվող կազմակերպությունները պատասխանատվությունը գցում են մեկմեկու վրա, ինչի մասին բացահայտ հայտարարում է Իլհամ Ալիևը:
Ջրի պակասի հետ մեկտեղ Ադրբեջանում առկա է ևս մեկ խնդիր: Ոռոգման ջրի հսկայական կորուստներ: Ապօրինի միացումները ջրագծերին այնքան շատ են, որ Իլհամ Ալիևը դա համարում է լրացուցիչ աղետ: Այս մասին հիմա են Ադրբեջանում սկսել բարձրաձայնել, երբ ջուրը, բառիս բուն իմաստով, չի հերիքում, երբ երկիրը վերածվում է անապատի: Մասնագետները պնդում է, որ եթե Ադրբեջանն անհրաժեշտ քայլեր չձեռնարկի ջրի խնդիրը լուծելու համար, ապա երկրի որոշ շրջաններում արդեն 2030 թվականին անապատացման պրոցեսները կդառնան անշրջելի: Պարզվում է, որ մինչ օրս որևէ մեկը չի հաշվարկել Ադրբեջանի ջրային հաշվեկշիռը՝ որքան ջուր է մտնում, որքան դուրս գալիս, որքանն օգտագործվում այս կամ այն նպատակների համար:
Ադրբեջանական կողմին անհանգստացնում է այն, որ Ադրբեջանի ջրային ռեսուրսների զգալի մասը ձևավորվում են երկրի սահմաններից դուրս:
Ռիսկերն Ադրբեջանում
Ադրբեջան մտնող գետերը սկիզբ են առնում Թուրքիայում, Հայաստանում, անցնում Վրաստանի և Հայաստանի տարածքով: Այս իրավիճակում ջրային անվտանգության խնդիրը լուծելը բարդանում է, կախվածությունը հարևան երկրներից՝ մեծանում, համագործակցությունը հարևան երկրների հետ դառնում անխուսափելի, բայց այդ երկրներից առնվազն մեկի հետ Ադրբեջանը համագործակցելու ցանկություն չունի, չնայած կառավարության վերջին նիստում Ալիևն առանց երկրների անուն տալու կարևորել էր այս հարցում հարևան երկրների հետ համագործակցությունը:
Ջրի խնդիրը լուծում է պահանջում, քանի որ ըստ պաշտոնական տվյալների, Ադրբեջանի մշակովի հողատարածքների մոտ կեսը էրոզիայի, աղակալամ և ջրազրկման պատճառով հայտնվել է անապատացման եզրին և նույնիսկ որպես արոտավայր չեն կարող ծառայել։
Ադրբեջանի ջրամբարներում ջրի պաշարները կազմում են 11 մլրդ 100 միլիոն խորանարդ մետր, մինչդեռ դրանց հզորությունը 20, 5 միլիարդ է: Այլ կերպ ասած, ջրի պակասի պատճառով օգտագործվում է հզորությունների կեսը: Հայկական բարձրավանդակում սկիզբ առնող, Թուրքիայի և Վրաստանի տարածքով անցնող, ապա Ադրբեջան մտնող Կուր գետն է ապահովում Մինգեչաուրի ջրամբարի ջրի պաշարները, սակայն ինչպես անցած և հատկապես այս տարի երաշտի պատճառով Ադրբեջանի տարածքում Կուրը գրեթե ցամաքել է, զրկվել ջրային հիմնական պաշարներից, ինչն էլ շատ լուրջ խնդիրներ է ստեղծում Ադրբեջանում:
Իսկ նախալեռնային գոտիներում գետերի և աղբյուրների չորացումն ամբողջությամբ զրկել է Ադրբեջանին սեփական ոռոգման ջրային ռեսուրս ունենալու հնարավորությունից։
Անապատացման եզրին են կանգնած ոչ միայն Ադրբեջանի տարածքի կեսը, այլ նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որտեղ ոռոգման համար հսկայական նշանակություն ունի նախիջևանա-իրանյան սահմանին կառուցված ջրամբարը՝ Արաքսի վրա, որի ջրերի քանակը մեծապես կախված է Արաքսի և Հայաստանի տարածքից Նախիջևան մտնող Արփայի ջրերի մակարդակից։ Անցած և այս տարի ջրամբարի ջրառատությունը լավագույն ցուցանիշները չի արձանագրվում: Մյուս կողմից ամառվա ամիսներին կտրուկ նվազում են Զանգեզուրի լեռնաշղթայից սկիզբ առնող մի քանի գետերի ջրերի քանակը:
Հայաստանի ռիսկերը
Այսօր, շատերի կարծիքով, Հայաստանի թիվ մեկ ջրային խնդիրը Սևանի ճահճացումը կանգնեցնելն է, և դա այդպես է, սակայն ոչ պակաս խնդիր է ջրային ռեսուրսների անվտանգության խնդրի լուծումը: Մեկ անգամ ևս շեշտենք, Ադրբեջանը նյարդայնանում է, որ հայկական կողմում են սկիզբ առնում շատ ու շատ գետեր կամ Ադրբեջան մտնելուց առաջ անցնում մեր երկրի տարածքով:
Ադրբեջանում չեն էլ թաքցնում, որ իրենց խնդիրներից մեկն այդ ջրային ռեսուրսների ձևավորման օջախների գոնե մի մասն իրենց հսկողության տակ վերցնելն է: Ավելին, նրանք պարբերաբար ճնշում են գործադրում միջազգային հանրության վրա, փորձելով նրանց թյուրիմացության մեջ գցել, թե հայկական կողմն իրենց զրկում է ջրից: Չմոռանանք Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի ներկայացրած հակահայկական բանաձևի մասին: Այն ժամանակ Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հայտարարեց, որ պատրաստ են այս հարցով բանակցել ադրբեջանական կողմի հետ, բայց Բաքվում ցանկություն չհայտնեցին ուղիղ շփում հաստատել պաշտոնական Ստեփանակերտի հետ:
Ջրի անհրաժեշտ ծավալներն ապահովելու համար Արցախին անհրաժեշտ է մոտ 355 մլն խմ ջուր, որը կազմում է Սարսանգի ջրամբարի 58-60 տոկոսը, բայց կա մի կարևոր նրբություն: Ջրամբարը նախատեսված է 128 հազար հա տարածք ոռոգելու համար, որից մոտ 118 հազարը գտնվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս: Ժամանակին, խորհրդային տարիներին, Սարսանգի ջրամբարը ջրով էր ապահովում Ադրբեջանի վեց շրջան: Ջրամբարը Արցախի տարածքում էր, բայց ընդամենը տարածքի տասը տոկոսն էր ոռոգվում այդ ջրով: Ադրբեջանի քաղաքականությունն էր այդպիսին: Մի կարևոր վիճակագրություն, որը ներկայացնում է Դավիթ Բաբայանը. 1980-ականներին Լեռնային Ղարաբաղում 218 հազար հա մշակովի ցանքատարածություններից ոռոգվում էր ընդամենը 26.2 հազար հեկտարը: Ջրային քաղաքականությամբ կամ նաև ջրային քաղաքականությամբ Բաքուն ամեն ինչ անում էր Արցախը հայաթափելու համար:
Իսկ այսօր Սարսանգի ջրամբարի ջուրն արցախցիներն օգտագործում են այսպես. ձմռանը էլեկտրաէներգիա են արտադրում, և այդ ժամանակահատվածում ջուրը պարզապես հոսում է, այսինքն` հասնում նաև Ադրբեջան, բայց տարվա այդ եղանակին, բնականաբար, այնտեղ չեն կարող այն օգտագործել ոռոգման նպատակով: Իսկ ամռանը ջրամբարն են լցնում, և Թարթառի ջուրը, բնականաբար, Ադրբեջան չի հասնում, ու դարձյալ նրանց հողերը մնում են անջրդի:
Այսօր լրացուցիչ խնդիր է դարձել Թարթառ գետի վրա կառուցված փոքր ՀԷԿ-երը, որի հետևանքով Սարսանգի ջրամբարը զրկվում է անհրաժեշտ ջրաքանակից: Մյուս կողմից, խնդիր է դրվել Թարթառի և Սարսանգի ջրամբարի ջրերը ուղղել դեպի հարավ՝ Թարթառի աջ ափ, ապահովելով ավելի մեծ տարածքների ոռոգում: Ընդգծենք նաև, որ որոշ մասնագետներ պնդում են, որ Թարթառի ջրերի նվազումը կապված է վերջին երկու տարիների երաշտի, և ոչ կառուցված ՀԷԿ-երի հետ: Այսուհանդերձ, կառուցված ՀԷԿ-երի խնդիրն ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան միայն վիճակագրության մատնանշումը: Ի վերջո Սարսանգի ջրամբարի գործունեության արդյունավետությունը կախված է հենց Թարթառի ջրառատությունից:
Սյունիք, Վայոց ձոր, Քաշաթաղ, Քարվաճառ, Մարտակերտ: Այս տարածքները հայոց պետության զարգացման և բարգավաճման երաշխավորներն են: Ինչպես Իսրայելում եմ հայտարարում, որ առանց Գոլանի բարձրունքների չկա Իսրայել, այդպես էլ մենք պետք է հասկանանք, որ առանց վերոհիշյալ տարածներից որևէ մեկի չկա հայոց պետություն:
Ի դեպ, Քարվաճառից է սկիզբ առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային պաշարների 85 տոկոսը: Այս մասին իր աշխատությունում գրել է Դավիթ Բաբայանը, ավելացնելով, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքում սկիզբ առնող գետերն ամռանը պարզապես ցամաքում են:
Վերջերս հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի վերլուծությունը ջրային խնդրի վերբերյալ։ Նա բարձրաձայնել է ջրային անվտանգության խնդրի կարևորությունը, շեշտելով, որ տարածաշրջանում լարվածության մեծացման նշանակալի գործոն է դառնում ջրային ռեսուրսը՝ դրա քանակը և որակը։
«Բնակչության թվաքանակի մեծացմամբ, հատկապես մուսուլմանական երկրներում, ինչպես նաև գյուղատնտեսության և արդյունաբերության աճի պայմաններում, տարածաշրջանի կառավարությունները ջրային ռեսուրսների կառավարման հարցում միանշանակ նախապատվություն են տալու իրենց ազգային առաջնահերթություններին։ Առաջին հերթին դա վերաբերում է սեփական երկրների տարածքում հնարավորինս մեծ ջրային պաշարների կուտակման հզորությունների ստեղծմանը»,- ընդգծել է Արմեն Գևորգյանը։
և իրոք հարց է առաջանում, թե ինչպիսի՞ն են մեր ծրագրերը և պատկերացումները՝ տարածաշրջանային ջրային բավականին վտանգավոր իրականության պայմաններում։ Իսկ օրեր առաջ հրապարակված ազգային անվտանգության ռազմավարության մեջ այս մասին զրո տող:
Արմեն Գևորգյանը, օրինակ, համոզված է, որ Հայաստանի ջրային անվտանգության համար անհրաժեշտ են առնվազն մի քանի նոր ջրամբարների կառուցումը: Մասնավորապես, դեռ 2013-ին հստակ ծրագրեր կային Կապսի և Վեդիի ջրամբարների կառուցման վերաբերյալ: Խնդիր էր դրված կառուցել նաև Մաստարայի և Եղվարդի ջրամբարները: Մասնավորապես, նա հնարավոր է համարում նաև Արաքս-Սուրմալու հատվածում նոր միասնական ջրամբարի կառուցումը։
Ազգային անվտանգության ռազմավարությունը և ջրային անվտանգության խնդիրը
Անվիճելի է, որ ջրային անվտանգությունը հայոց պետականության անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց չգիտես ինչու, այս հարցը, այս խնդիրը ներառված չէ մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունում, ինչը միայն բազմաթիվ հարցեր և մտահոգություններ է առաջացնում: Սա սովորական անփություն է, թե՞ այլ ծրագրերի մասին վկայող քայլ: Գուցե ջրային ռեսուրսների հարցում այսօր կառավարող ուժն այլ ծրագրեր ունի՞:
Պատահական չէ, որ Իլհամ Ալիևը և Ադրբեջանի մյուս պաշտոնյաները Արցախը գրավելու մասին անհեթեթ հայտարարություններ անելիս միաժամանակ չեն մոռանում հիշատակել նաև Զանգեզուրի մասին: Սա պատահական չէ: Նախիջևան և Ադրբեջանի Հանրապետություն մտնող շատ ու շատ գետեր սկիզբ են առնում Վայոց ձորում, Սյունիքում, Քարվաճառում և Քաշաթաղում: Առանց այս տարածքների վերահսկողության, ամրապնդման վտանգվում է մեր պետականության կենսագործունեությունը: և հակառակը, երբ հակառակորդ կողմը հասկանա, որ իր երազանքներն անիրականանալի են, ապա նա փորձելու է լեզու գտնել, մեր ջրային ռեսուրսներից նորմալ օգտվելու համար: Չմոռանանք, թե Թուրքիան ինչպես է ջրային ռեսուրսներն օգտագործում հարևան Սիրիայի և Իրաքի նկատմամբ ճնշումներ գործադրելու համար:
Մի հետաքրքիր օրինակ ևս՝ Իսրայելը ունի 1,8 մլրդ խ/մ ջրային պաշար, 8 մլն բնակիչ և 200 հազ. հեկտար կայուն ոռոգովի տարածք, իսկ միայն Արցախի ջրային ռեսուրսները հասնում են 2,5 մլրդ. խ/մ-ի: Այս հարստությունը պեռտք է օգտագործվի, այս հարստությունը պետք է հզոր հաղթաթուղթ լինի մեր ձեռքում:
Կասկածից վեր է, որ մեր ջրային անվտանգության հիմնահարցի լուծումը մեր զարգացման բանալին է, մեր անվտանգության հիմնաքարը: Այս իրավիճակում, այս իրողություններում տարօրինակ է, որ այս հիմնահարցը տեղ չի գտնում ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունում:
Ջուրը ռազմավարական նշակություն և ներուժ ունի: Ալիևն անկեղծ շոկի մեջ էր, երբ հայտարարում էր, թե Ադրբեջանը մինչ այս պահը ջրային բալանս չունի։ Եթե այսօր Ադրբեջանում նոր-նոր են փորձում պարզել իրենց ջրային ռեսուրսների հաշվեկշիռը, ապա Հայաստանը մեկ սերունդ ավելի առաջ է և խնդիրների որակական լուծմանը ձեռնամուխ եղանք 2000-ականներից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին սկսվեց այս ռազմավարական հարցի կագավորումը՝ նպաստելով ջրային ռեսուրսների անհամեմատ ավելի արդյունավետ օգտագործմանը: Սևանի մակարդակի խնդիրը դրվեց այլ լրջության վրա, ջրային ռեսուրսների կառավարման համար ներգրավվեց միջազգային ընկերություն (Իտալիա), վերակառուցվեց Մարմարիկի ջրամբարը, Սպանդարյանի ջրանցքը և այլն։
Ադրբեջանում հենց այդ չարված քայլերն են այսօր դարձել ազգային աղետ։ Հայաստանում, ըստ էության, ջրային հաշվեկշռի խնդիրը սկսել է լուծվել 15 տարի առաջ։
Հիմա, բացի ջրային ռեսուրսների անվտանգության ապահովումից խնդիր է նաև այն ճիշտ և մտածված օգտագործելը, ջրային պաշարներն աղտոտումից պաշտպանելը: Պետք է խնայողաբար վերաբերվել ջրօգտագործմանը և բարձրացնել արդյունավետությունը: Միաժամանակ չպետք է երբեք մոռանալ, որ մեր թշնամին երազում է մեր ջրային պաշարներն ունենալու մասին: Իսկ մեր խնդիրն է մեծացնել ջրային անվտանգությունը՝ քանակի և որակի առումով։
Ջրային համագործակցության տարածաշրջան
Ջուրը որպես առաջին կենսական նշանակության խնդիր կարող է դառնալ տարածաշրջանային համագործակցության հիմնաքարերից մեկը, նույնիսկ առկա հակամարտությունների պարագայում։ Հայաստանի դիրքերը բավական ուժեղ են՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա հնգյակում և որոշակի պայմաններում հենց Հայաստանը կարող է նախաձեռնել նման ջրային համագործակցության ձևաչափ։
Հայաստանը զուգահեռաբար պետք է արագ կառուցի փոքր ու միջին ջրամբարներ, մեծացնելով ջրային ռեսուրսները երկրի ներսում պահելու հնարավորությունը։ Ջրային ճիշտ քաղաքականությունը էապես կարող է ուժեղացնել Հայաստանի բանակցային դիրքերը նաև բուն հայ-ադրբեջանական հակամարտության բանակցային սեղանի շուրջ»։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում