Հարկավոր է բացել սահմանները․ կարծում է ԱՀԿ-ն
Միջազգային ճամփորդությունների վրա դրված արգելքը չի կարող ուժի մեջ մնալ անժամկետ: Սակայն պետք է ավելին արվի երկրների միջև սահմանին կորոնավիրուսի տարածման հնարավորությունը կրճատելու ուղղությամբ: Այս մասին, Ամերիկայի Ձայնի հաղորդմամբ, հայտարարությամբ է հանդես եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Վերջին օրերին որոշ երկրներում նորից ուժի մեջ մտան ճամփորդությունների նկատմամբ խստացումներ: Օրինակ, Մեծ Բրիտանիան մեծ վտանգի տակ դրեց զբոսաշրջության ճյուղը վերաբացելու Եվրոպական միության ջանքերը, երբ հրահանգեց կարանտինի տակ պահել Իսպանիայից վերադարձող անձանց:
ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը մեկ անգամ ևս հայտարարում է, որ պաշտպանիչ գլխավոր միջոցառումների իրականացման դեպքում է միայն հնարավոր կասեցնել համաճարակի տարածումը: Իսկ այդ պահանջներից գլխավորներն են դիմակ կրելը և մարդաշատ հավաքներից խուսափելը։
«Գրեթե անհնար է պատկերացնել, որ առանձին երկրներ կարող են իրենց սահմաններն անորոշ ժամանակով փակ պահել: Տնտեսությունները պետք է վերաբացվեն, մարդիկ պիտի աշխատեն, առևտուրը պիտի վերսկսվի»,- ասում է կազմակերպության արտակարգ իրավիճակների բաժնի ղեկավար Մայք Ռայընը:
Ռայընի խոսքերով, իրավիճակն Իսպանիայում այսօր շատ հեռու է այն ծանր իրավիճակից, որն առկա էր համավարակի տարածման սկզբնական փուլում: Նա վստահ է, որ այս երկրում տեղ-տեղ նկատվող բռնկումները շուտով կվերահսկվեն: Սակայն դեռ երկար օրեր կամ շաբաթներ են հարկավոր հիվանդության ապագան կանխատեսելու համար: