Մարինե Սուքիասյան. Բացակայող Փաշինյան
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Մարինե Սուքիասյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի բացակայությանը։
Նա գրում է.
«Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը բացակա է, ինչը բնորոշ չէ նրա տեսակին, նրա էությանը: Նրա ոճն է՝ անվերջ լինել եթերում, իրադարձությունների կիզակետում՝ փորձելով դրանից օգուտներ քաղել, վարկանիշ բարձրացնել, PR-վել, բայց հիմա նա ստվերում է:
1. Դիմորդները փողոցում են, իրենց արդար պայքարն են մղում սեփական իրավունքները պաշտպանելու համար: Հայաստանի պատմության ընթացքում ամենաանհաջող կրթության նախարարը՝ Արայիկ Հարությունյանը երկու ոտքը դրել է մի կոշիկում եւ համառորեն պաշտպանում է իր իսկ սխալները, ոստիկանները բերման են ենթարկում 17-18-ամյա տղաներին եւ աղջիկներին, ապագա զինվորներին, ողջ հասարակությունը դիմորդների կողմից է, իսկ Փաշինյանը լռում է, թեև իր ոճին համապատասխան պետք է հայտնվեր եւ կանգներ դիմորդների կողքին՝ «նրանց բուհն է, ինչ կուզեն կանեն տամաբանության մեջ»։ Արայիկ Հարությունյանի պահվածքից վնաս են կրում բոլոր կողմերը, իսկ Փաշինյանը բացակա է:
2. Երկրում կորոնավիրուսային համավարակի հետ կապված խայտառակ վիճակ է: Մահերի թվերը լուրջ ցավ եւ մտահոգություններ են առաջացնում: Այս ցուցանիշով Հայաստանը աշխարհի ամենավատ ցուցանիշն ունեցող քսան երկրների թվում է։ Իսկ Փաշինյանը բացակա է, ասես՝ հարցը «հարևան» Մոզամբիկին է վերաբերում։
3. Հայաստանում շատ քիչ կորոնավիրուսային թեստեր են արվում: Այնքան քիչ, որ հարց է առաջանում, թե գուցե երկրում թեստերի քանակի խիստ պակաս կա: Թե՞ տեղական արտադրության տեստերից բան դուրս չեկավ։ Խնդիրը սուր է, իսկ Փաշինյանը կրկին բացակա է:
4. Փաշինյանի այսպես կոչված հեղափոխական թիմը վերջին օրերին քեֆ-ուրախությունների մեջ է: Տավուշյան մարտերից դեռ երկու շաբաթ էլ չի անցել, վիրավորները դեռ հոսպիտալներում են, զոհերի հիշատակը դեռ կարգին չենք հարգել: Նրա մերձավոր շրջապատը ցուցադրական քեֆեր է կազմակերպում մարտական գործողությունների դաշտից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա։ Փաշինյանը կրկին բացակա է:
5. Եվ իհարկե, Փաշինյանի ամենավտանգավոր բացակայությունը. ՌԴ նախագահ Վլ. Պուտինը բոլորի հետ քննարկում է հայ-ադրբեջանական լարվածությունը՝ առանց Փաշինյանի։ Քննարկում է իր նախարարների հետ, իր անվտանգության խորհրդի հետ, Էրդողանի հետ։ Իսկ Փաշինյանը բացակա է։
Դժվար է ասել, թե վարչապետի բացակայության իրական պատճառները որոնք են, բայց մշտական լայվերի սիրահար Փաշինյանը իրեն դուրս է դնում երկրում ընթացող իրադարձություններից։ Արդեն նա չէ սերիալի հերոսը։ Կա՛մ միտումնավոր է այդպես անում, կա՛մ ուղղակի բարդ իրավիճակներում նա այդպիսին է»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին