Կան ուղղություններ, որտեղ կան կարգավորումներ, սակայն չկա վերահսկողություն․Տ․Աբրահամյան
ԱԱԾ-ն առաջարկում է արգելել առանց համապատասխան թույլտվության պետական սահմանի սահմանային շերտում օգտագործել անօդաչու թռչող սարքեր, տեսալուսանկարահանել սահմանակից պետության տարածքը, սահմանային շերտում տեղակայված ինժեներական կառույցները և արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենքեր, շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը, պարզաբանելով․
«Այն, որ այս ոլորտը կանոնակարգման կարիք ունի՝ միանշանակ է։ Ժամանակակից տեխնոլոգիաները կյանքի որակի բարելավմանը զուգահեռ որոշ դեպքերում մեծ ռիսկեր են առաջացնում հատուկ պահպանվող օբյեկտների, սահմանային ենթակառուցվածքների տեղի, դիրքի, ֆունկցիոնալ նշանակության դետալների հրապարակայնացման տեսանկյունից։
Կանոնակարգումից ոչ պակաս կարևոր է էֆեկտիվ վերահսկողության իրականացումը, որովհետև կան ուղղություններ, որտեղ կան կարգավորումներ, սակայն չկա վերահսկողություն, ինչի արդյունքում դրված խնդիրները իրենց նպատակին չեն ծառայում»։