Արայիկ Հարությունյանն արգելել է վիճակախաղերն Արցախում
«Հանձնարարել եմ լիազոր մարմիններին շահումով խաղերի և խաղատների մասին և վիճակախաղերի մասին Արցախի օրենքներին համապատասխան՝ արգելել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը մեր հանրապետության տարածքում»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ վիճակախաղերը որակելով ամենասարսափելի կամ վտանգավոր երևույթներից մեկը:
Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ Արցախի սահմաններում համացանցի այդ խաղերի համար նախատեսված ծառայությունների հասանալեիությունը կարգելափակվի:
Արցախի նախագահը նկատեց, որ քաղաքացիները հաճախ պարտվում են ամբողջ ամսվա աշխատավարձը և՝ ոչ միայն, պարտքերի կուտակման և սոցիալական խնդիրների պատճառով ընտանիքներ են ամուսնալուծվում և լինում են նաև ինքնասպանության դեպքեր:
Հարությունյանի խոսքով, թեև խստացնում են, սակայն դա էլ բավարար չէ, քանի որ շրջանցման հնարավորություններ լինելու են, բայց բոլորը պետք է պայքարենք այդ արատավոր երևույթների դեմ:
«Պետության կողմից սոցիալական որևէ ծրագիր չի կարող բարելավել այդ մարդկանց կյանքը, եթե նրանք հակված չեն ունեցածը խնայել և ճիշտ նպատակին օգտագործել»,- նկատեց Արցախի նախագահը:
Արայիկ Հարությունայնը հայտնեց, որ ժամանակին պատկերացնում էր, թե տասնյակ միլիոններ է գնում վիճակախաղի վրա, բայց այն շատ ավելին է, քաղաքացիները հարյուրավոր միլիոններ են տարվում՝ տրվելով այդ մոլուցքին:
«Մենք պետք է պայքարենք այդ արատավոր երևույթի դեմ, քանի որ այն երջանկություն չի բերում մեզ, եթե անգամ շահում ես»,- եզրափակեց Արցախի նախագահը: