Տարեվերջին տնտեսական ակտիվությունը -4 % կլինի. ԿԲ նախագահ
«Տնտեսության զարգացման տեսանկյունից մեր վերջին տարեկան կանխատեսումը, որը զետեղեցինք գնաճի հաշվետվության մեջ, -4 % է, և այս պահի դրությամբ ուզում եմ ասել, որ այդ կանխատեսումը չի փոխվել»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Լրագրողների դիտարկմանը, թե կառավարությունն այս տարվա վերջում կանխատեսել է -2% տնտեսական ակտիվության անկում՝ Մարտին Գալստյանը նկատեց, որ իրենց մոտ որոշ կանխատեսումները շեղվում են իրականությունից, մասնավորապես՝ արդյունաբերության աճի կառավարության ներկայացված նոր տոկոսը չէին կանխատեսել, նաև տրանսֆերտներն են սպասվածից բարձր, հետևաբար, ըստ նրա, պետք է սպասել առաջիկա զարգացումներին:
Նա ներկայացրեց Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը, ըստ որի, վերաֆինանսավորման տոկոսադրույքը մնալու է անփոփոխ՝ 4.5 %:
ԿԲ զեկույցում ասված է, որ 2020 թվականի հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 1.9 % գնանկման դիմաց:
արտին Գալստյանի խոսքով, 12 ամսվա գնաճը կազմել է 1.7 %: Երկրորդ եռամսյակում արձանագրվել է արտաքին տնտեսության և պահանջարկի էական թուլացում, ինչը համահունչ է եղել դրամավարկային կանխատեսումներով արված զարգացումներին:
«Երկրորդ եռամսյակի վերջում սակայն հիմնական ապրանքահումքային շուկաներում գները ձևավորվել են սպասվածից փոքր ինչ բարձր մակարդակում»,- շեշտեց ԿԲ նախագահը և հավելեց, որ արտաքին հատվածից էական գնաճային ազդեցություն չի եղել:
Նրա խոսքով, երկրոդ եռամսակում թողարկման հիմնական նվազումը գրանցվել է շինարարության և ծառայությունների ճյուղերում, իսկ արդյունաբերության ճյուղում նվազումը սպասվածից ավելի դանդաղ է եղել:
Նկատելով, որ ԿԲ ծրագրավորած ռիսկերից գնաճի շեղումն առավելապես ներքևի ուղղությամբ են լինելու, պայմանավորված պահանջարկի վերականգնման հնարավոր դանդաղմամբ և անորոշության հավանական պահպանմամբ՝ Մարտին Գալստյանը հայտարարեց, որ նման ռիսկերի դրսևորման պարագայում ԿԲ-ն պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունությունը միջնաժամկետ հատվածում, իսկ ներկա պայմաններում ԿԲ-ն գտնում է, որ դրամավարկային առկա պայմանները բավական խթանող են:
ԿԲ նախագահը չբացառեց ՀՀ դրամի ո´չ արժեզրկումը, ո´չ էլ արժևորումը, քանի որ այն շուկան է որոշելու:
Պատասխանելով լրագրողների հարցերին, Մարտին Գալստյանը նկատեց, որ այս տարվա ընթացքում վարկային պորտֆելի աճը կազմել է 200 մլրդ դրամ, որի մի մասը ֆիզիկական անձանց տրվող վարկերն են: Ֆիզիկական անձանց տված 90 մլրդ դրամ վարկերի դեպքում բանկերը տոկոսադրույքները չեն փոխել, իսկ կառավարության տրված վարկերը դժվար է անվանել շուկայական:
«Տարեվերջյան մեր գնաճը շուրջ 2 տոկոսի շրջանակներում կլինի»,- եզրափակեց Գալստյանը: