Մեր տվյալներով ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին, պիկը եղել է այդ օրը․Ա․Թորոսյան
«Բոլորս տեսնում ենք բացարձակ թվով և կատարված թեստերի թվով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ»- պարետատան նիստից հետո ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այս շաբաթ դեռ ամենամեծ թիվը եղել է 308։ Համեմատելով նախորդ շաբաթների թվերի հետ, ակնհայտ է, որ ունենք բարելավում։ Ինչը լավ հնարավորություն է իրավիճակը լավացնելու, որ այլևս ճգնաժամային իրավիճակ չլինի»,-հավելեց Թորոսյանը։
Ինչ վերաբերում է համաճարակային պիկին, ապա Թորոսյանի խոսքով այն եղել է հուլիսի 6-ին։
«Մեր տվյալներով՝ ամենաշատ ակտիվ պացիենտ ունեցել ենք հուլիսի վեցին։ Այսինքն՝ եթե դա համարենք պիկ համաճարակաբանորեն, ապա մեր պիկը եղել է հենց այդ օրը։ Այդ օրվանից հետո ավելի քիչ պացիենտներ ենք ունեցել»,-ասաց Թորոսյանը։
Անդրադառնալով հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությանը, Թորոսյանն ասաց, որ ունենք բազմաթիվ ազատ մահճակալներ։ Հետևաբար մի շարք ԲԿ-ներ կվերադառնան իրենց բնականոն աշխատանքին։
«Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու բժշկական կենտրոնը և Դիլիջանի բժշկական կենտրոնը օգոստոսի մեկից կվերադարձնենք իրենց հիմնական աշխատանքին։ Եվս 3 բժշկական կենտրոններ Երևանում մոտակա 7-10 օրերի ընթացքում համաճարակային իրավիճակի կայունացման նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց աշխատանքին և այս տրամաբանությամբ կշարունակենք։ Հավելյալ մահճակալների ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ 2800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու»,-ասաց Թորոսյանը։