Կամավորներն այնքան հերոս են, որքան կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները
ԱՄՆ-ի Առողջապահության ազգային հաստատության «Մոդերնա» ընկերության կողմից կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները հուլիսի 27-ից սկսեցին երկրորդ փուլը: Սա նշանակում է, որ փոքր թվով մարդկանց վրա անցկացված փորձերի հաջողությունից հետո փորձերին մասնակցելու են ավելի մեծաթիվ կամավորներ` 30 հազար մարդ: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Փորձերի առաջին փուլին մասնակցած անձանցից Ջենիֆեր Հալերն ասում է, թե պատվաստանյութը ստանալուց հետո զգացել է կողմնային թույլ ազդեցություն` ձեռքի թեթև ցավ:
Հալերն ասում է, թե չնայած պատվաստանյութն ընդունելու փաստին, ինքը շարունակում է հարգել պաշտպանվելու կանոնները. կրում է դիմակ, պահպանում սոցիալական հեռավորություն:
Իսկ փորձարկումների առաջին փուլը ցույց է տվել, որ այն ստացած անձանց օրգանիզմում փոփոխվում է իմունային համակարգն այնպես, որը, ըստ գիտնականների, կարող է պաշտպանել մարդուն ընդդեմ այս վիրուսի:
Նիք Բրաունինգը, որը նույնպես ստացել է պատվաստանյութի երկու չափաբաժին, ասում է, որ մեկ տարվա ընթացքում երեք ամիսը մեկ անգամ պետք է անցնի թեստավորում: Եվ բժիշկներն ամենայն մանրամասնությամբ են ստուգում այս կամավորների արյան բաղադրությունն ու նրանց օրգանիզմում բոլոր փոփոխությունները:
Փորձարկումներին մասնակցած կամավորները չգիտեն` իրենք ստացել են իսկական պատվաստանյութ, թե` կեղծ չափաբաժին: Գիտնականները ստուգում են, թե երկու չափաբաժինները ստացած որ խմբի մոտ են ի հայտ գալիս վարակի տեսակներ: Եթե վարակ չի հայտնաբերվում իրական պատվաստանյութը ստացած անձանց շրջանում, ապա կարելի է որոշ չափով համոզված կերպով ասել, որ այն ունի դրական ազդեցություն:
Փորձարկումների վերջնական փուլն օգոստոս ամսին կսկսի, ինչ Անգլիայի Օքսֆորդի համալսարանը:
Ամերիկայում Johnson & Johnson ընկերությունը ծրագրում է իր պատվաստանյութի փորձնական վերջին շրջանը սկսել սեպտեմբերին, Novavax-ը` հոկտեմբերին: Հաջող ընթացքի դեպքում ամռան ընթացքում 30 հազար անձանց մասնակցությամբ փորձարկումներ է սկսելու Pfizer-ը:
Ինչ վերաբերում է կամավորներին, շատերն են ասում, որ նրանք այնպիսի հերոսներ են, ինչպես կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները:
«Ես հասկացա, որ պիտի իմ ներածի չափով օգտակար լինեմ մարդկանց։ Եթե ես կարող եմ իմ մարմնի միջոցով օգնել գիտությանը, որպեսզի այս մղձավանջն ավարտվի, որպեսզի տառապանքներն ավարտվեն, որպեսզի մարդիկ չմահանան, ուրեմն պիտի օգնեմ»,- ասում է Բրաունինգը։
Կամավորներն ասում են, որ դա իրենք համարում են իրենց պարտքը մարդկությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում