Հայ գինգործի տակառները լիքն են մնացել
Համավարակով պայմանավորված փակ սահմանները, ռեստորանների, փաբերի աշխատանքի արգելքը, զբոսաշրջիկների բացակայությունը, արտահանման ու ներքին սպառման էական նվազումն այս տարի լիքը թողեցին հայ գինեգործների տակառները։
Ամբարած գինին թե ինչքան կմնա մառաններում, դժվար է ասել։ Միակ ուրախացնողն այն է, որ ոլորտում փակված ընկերություն չկա։ Ոլորտն իր առանձնահատկությունների շնորհիվ շատ արագ է արձագանքում անհաջողություններին, բայց երկար է դիմանում։
«Գինու տարանները լիքն են 70 տոկոսով, կոնյակինը՝ կիսով չափ։ Լիքն են տակառները, տեղ չկա։ Մենք սպառման երեք տեղ ունենք՝ արտահանում, տուրիզմ, ներքին սպառում, այս երեքն էլ կաթվածահար վիճակում են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասում է Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանը։
Սրան զուգահեռ կիզիչ արևի տակ՝ այգիներում օր օրի մեծանում ու քաղցրանում են խաղողի հատիկները։ Մասնագետն ասում է՝ արտակարգ և իդեալական բերք են սպասում, թե քանակապես, թե որակապես։ Բայց վտանգ կա, որ այն պահեստավորելու, գինի վերածելուց հետո պահելու խնդիր կառաջանա։
Արտադրանքը չվաճառած տնտեսվարողները նոր ներդրումներ անելու հնարավորություն չունեն, չեն կարող նոր տարաներ գնել։ Ինչպես Ավագ Հարությունյանն է ասում, ձեռնարկությունները գրավադրելու բան էլ չունեն։ Նախորդ տարի ամեն բան դրել են բանկերում։
«Որպեսզի փոքր արտադորղը 5 մլն դրամի վարկ ձևակերպի, 400 հազար է ծախսում գրավի ձևակերպման վրա։ Անմիտ բարձրարժեք ծառայություններ են։ Գյուղացին կամ փոքր արտադրողը մի հատ փոքր վարկ են վերցնում, կատարում ձևակերպման ծախսերը, հետո մեծ վարկը ստանում է, սկսում է մախինացիաներ անել, որ փոքր վարկի գումարը մեծ վարկից փակի»,- իրավիճակի մի դրվագ ներկայացնում է Հարությունյանը։
Լարված սեզոնին ընդառաջ կետրոնի ղեկավարն օրեր առաջ կառավարությունում տեղի ունեցած հանդիպումից դեռ երկու շաբաթ առաջ գրավոր ներկայացրել է խնդիրներն ու դրանց լուծման համար առաջարկները։
«Ասել էինք՝ անտոկոս վարկել տրամադրեն մի քիչ ավելի երկար ժամանակով, նախորդ վարկի մարումը հետաձգել 2-3 ամսով, որպեսզի դրանք ծախսեն նոր բերքի մթերման համար, խնդրել ենք արտոնյալ ժամկետը երկարացնել»,- ասաց Հարությունյանը։
Մինչ վարչապետի՝ գործարարների հետ հանդիպումը, ստացած պատասխանում կառավարությունից խոստացել են, մինչև սեպտեմբերի մեկն այդ հարցերը կլուծվեն։
Կենտրոնի ղեկավարը լավատես է՝ ոլորտը դիմացել է չորս ճգնաժամի, սրան էլ կդիմանա։
«96-ին, 98-ին, 2008-ին, 2014-ին... Բոլոր ճգնաժամերից հետո ունեցել ենք երկու տարի հետճգնաժամային, վերականգման վիճակ»,- ասում է նա՝ հավատալով, որ այս իրավիճակից դուրս են գալու ավելի շուտ ու ավելի ուժեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին