Ո´չ Բաքուն, ո´չ Ստամբուլը չեն կարող Ռուսաստանում թելադրել իրենց կանոնները. Արա Աբրահամյան
Հուլիսի 28-ին, ՌՀՄ-ի նախագահ Արա Աբրահամյանը հանդիպել է Մոսկվայի հարավ-արևելքի և մերձմոսկովյան շրջանների (Լյուբերցի, Ռեուտովո և այլն), հասարակայնության ներկայացուցիչների հետ: Այդ շրջաններում տեղի էին ունեցել բախումներ ադրբեջանցիների հետ՝ վերջիններիս ձևավորած խմբավորումների կողմից հայերի վրա հարձակվելու հետևանքով:
Հանդիպման վայրն ընտրվել է Կապոտնեի «Սայաթ Նովա» ռեստորանային համալիրը, որի վրա ուրբաթ օրը հարձակման փորձ էին արել մի խումբ ադրբեջանցիներ:
Հանդիպմանը մասնակցում էին հայ համայնքի մոտ երեք հարյուր անդամներ, Ռուսաստանի Դաշնության Նախագահի աշխատակազմի և Ռուսաստանի Դաշնության ազգությունների գործերի դաշնային գործակալության ներկայացուցիչներ, Կամչատկայի, Իվանովոյի, Տվերի և այլ տարածաշրջանների Ռուսաստանի հայերի միության մարզային գրասենյակների ղեկավարներ:
Արա Աբրահամյանը ներկաներին տեղեկացրել է այն քայլերի մասին, որոնք առճակատման առաջին իսկ օրերից Ռուսաստանի հայերի միությունն իրականացրել է պետական, իրավապահ մարմինների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում նաև ադրբեջանական համայնքի ղեկավարների հետ անմիջական շփման ժամանակ:
Նա հայրենակիցներին հորդորել է չկշռադատված քայլեր չանել և միահամուռ լինել:
«Աշխարհի 10 միլիոնանոց հայկական սփյուռքն այսօր այն զինվորներն են, որոնք պատրաստ են պաշտպանել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգություններից»,- ասել է նա:
Ըստ ՌՀՄ ղեկավարի, այն փաստը, որ շուկաների և խանութների ադրբեջանական ծագման տերերն այսօր հետ են նահաջել, փաստում է, որ Ռուսաստանի իշխանությունները բոլորին ցույց են տվել՝ այստեղ գործում են Ռուսաստանի օրենքները, և ոչ Բաքուն, ոչ Ստամբուլը չեն կարող ՌԴ-ում թելադրել իրենց կանոնները:
Ա. Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին հանդիպմանը ներկայանալու և այս օրերին ցուցաբերած համերաշխության համար:
Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա հարցերի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան