Երեխաների շրջանում մահացությունների թիվը սրընթաց աճում է
10 հազար երեխա է մահանում ամեն ամիս կորոնավիրուսի պատճառով սկսված տնտեսական դժվարությունների ու սովի արդյունքում: Աշխարհի առանց այն էլ աղքատ երկրները հայտնվել են մի ճգնաժամի մեջ, որը մի տեսակ հեռու է մնում մյուսների ուշադրությունից իրենց երկրներում առկա համաճարակի պատճառով: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Ավելի քան 550 հազար հավելյալ երեխա է ամեն ամիս հայտնվում սովի պայմաններում, երբ նկատվում է որովայնի փքվածություն: ՄԱԿ-ը հաղորդում է, որ թերսնուցվող երեխաների թիվն այս տարի աշխարհում ավելացել է մոտ 7 միլիոնով: Սա նշանակում է, որ աշխարհում այսօր կա թերսնուցված ավելի քան 54 միլիոն երեխա: Իսկ այս իրավիճակում հայտնված երեխաների մեծ մասը կրում է ֆիզիկական ու մտավոր անբուժելի վնասներ:
Կովիդ հիվանդության պատճառով ավելի խորացած սովի խնդիրն իր ազդեցությունը դեռ երկար ժամանակ է թողնելու մարդկության մի զգալի հատվածի վրա, հայտարարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը:
Յուրաքանչյուր հինգ երեխաներից մեկը թերսնված է Բուրկինա Ֆասոյում, որտեղ 20 միլիոն ազգաբնակչությունից 12 միլիոնը չի ստանում անհրաժեշտ սնունդ: Վենեսուելայում քաղցած է յուրաքանչյուր երեք երեխաներից մեկը: Աֆղանստանում սովի արդյունքում որովայնի փքվածություն ունի յուրաքանչյուր տասը երեխայից չորսը: Իսկ դրա արդյունքում օրգանիզմի թուլացման հետանքով Լատինական Ամերիկայից մինչ Հարավային Ասիա ու Սահարայից դեպի հարավ ընկած աֆրիկյան երկրներում կորոնավիրուսը եկող մեկ տարվա ընթացքում կխլի մանկական 128 հազար կյանք:
Մեծապես են տուժում նա այն երեխաները, որոնց ծնողները, կորոնավիրուսի պատճառով կորցնում են աշխատանքն այլ երկրներում ու ձեռնունայն վերադառնում քաղցած հայրենիք: Սա այսօր ակնհայտ կերպով է արտահայտվում հատկապես Վենեսուելայում:
Ինչպես առողջապահության հարցերով միջազգային կազմակերպություններն են տեղեկացնում, անցած տասնամյակներում երեխաների շրջանում մահացության թիվն անկում էր ապրում: 2018 թվականին մահացել է մինչ հինգ տարեկան մոտ հինգ միլիոն երեխա: Այս տարի, ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի, այդ ցուցանիշը շատ ավելի տխուր պատկեր է ունենալու:
ԱՀԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, Սննդամթերքի համաշխարհային կազմակերպությունը Սննդամթերքի ու գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ են անում անմիջապես հատկացնել առնվազն 2 միլիարդ 400 միլիոն դոլար` սովի տարածումը կանխելու ու երեխաներին փրկելու համար:
Արդյո՞ք կորոնավիրուսը թույլ կտա աշխարհին լսելու այս կոչը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան