Գագիկ Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի սեփականատերերի և կառավարիչների հետ
Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի փոխանցմամբ, հանդիպումների օրակարգը Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ծայրահեղ ծանր վիճակն է։ Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ արդեն իսկ կրած զգալի կորուստների և տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը կանգնած է սնանկացման եզրին։ Շատերը գտնվում են վարկային բեռի տակ, և եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում։ Այս պայմաններում պետությունը չի առաջարկում քիչ թե շատ խելամիտ ծրագիր՝ ներքին տուրիզմի, ներքին ռեսուրսների հաշվին որոշակի աջակցության համար։
Հայաստանում համաճարակի մտահոգիչ ցուցանիշները մեր երկիրը դարձրել են օտարերկրյա տուրիստների, զբոսաշրջիկների համար փակ պետություն։ Առայժմ չի նշմարվում օդային և ցամաքային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Կարևորելով հանդերձ հակահամաճարակային միջոցառումները, բարձր պահելով անվտանգության մակարդակը՝ պետք է այնուհանդերձ սկսել աշխատել գոնե օգոստոսի կեսից զբոսաշրջիկների որոշակի քանակի մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, քանի որ տուրիստական ենթակառուցվածքների աշխատանքը երկրում թույլատրված է, և ԱՊՀ տարածքից, հատկապես Ռուսատստանից զբոսաշրջիկների մուտքը կարող է էապես աշխուժացնել ոլորտում ներգրավված բիզնեսը։
Ոլորտի ներկայացուցիչները ԲՀԿ նախագահ Գ. Ծառուկյանին խնդրել են՝ համատեղ աշխատել լուծումների և առաջարկների շուրջ, այս դժվար պայմաններում գտնել ելքեր, որոնք գոնե կմեղմեն ռիսկերը։
«Խորապես կիսում եմ ձեր մտահոգությունները, տեղյակ եմ խնդրին բավական խորը, թեև Ձեր նշած մտահոգությունների մեջ կային այնպիսիք, որոնք ինձ համար նորություն էին։ Պատրաստ եմ իմ բոլոր հնարավորություններով օգտակար լինել գրագետ առաջարկների մշակման և լուծումներ գտնելու հարցում։ Պատրաստ եմ հակաճգնաժամային լուծումների մշակման հարմար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների, և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել ինձ վրա։ Միայն մի բան եմ խնդրում՝ հուսահատվել պետք չէ, իրավիճակը բարդ է, բայց անելանելի չէ»,-ասել է Գագիկ Ծառուկյանը։
Կայացվել է որոշում՝ նման հանդիպումները դարձնել պարբերական։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին