Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ. Ռուբեն Սաֆրաստյան
ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ այս օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող թուրք-ադբեջանական համատեղ զորավարժություններն իրենց ծավալով աննախադեպ են: Նա Tert.am-ի հետ զրույցում հիշատակել է, որ երկու երկրների համատեղ զորավարժությունները նորություն չեն, ամեն տարի էլ լինում են, պարզապես հիմա որոշված է ավելի հաճախակի անցկացնել:
«Ես դրանք կապում եմ նաև Ադրբեջանի՝ տավուշյան սահմանին չհաջողված ագրեսիայի հետ, որը ցույց տվեց, որ ադրբեջանական բանակը թույլ է, ջախջախվել է հայկական բանակի կողմից»,- ասել է նա:
Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ այդ զորավարժությունները մի կողմից նպատակ ունեն բարձրացնելու ադրբեջանական բանակի մարտունակությունը, մյուս կողմից՝ իրենց վստահություն ներշնչելու, որ Թուրքիան կանգնած է իրենց կողքին: Նրա համոզմամբ՝ այս և այս տարվա ընթացքում տեղի ունենալիք թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը ուժեղացնելու, նրա հավակնություններն ավելի հստակեցնելու նպատակ ունեն:
«Այդ տեսակետից այս զորավարժությունները աշխարհաքաղաքական նշանակություն ունեն և ուղղված են Իրանի ևՌուսաստանի դեմ. Թուրքիայի հզորացումը Հարավային Կովկասում ոչ միայն Հայաստանի դեմ է ուղղված, այլև՝ այդ երկրների»,- ասել էնա:
Անդրադառնալով վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի նախաձեռնած՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցին՝ Ռուբեն Սաֆրաստյանը նկատել է՝ պատահական չէր, որ այն տեղի ունեցավ զորավարժություններից անմիջապես առաջ. «Էրդողանը փորձում է փարատել Պուտինի կասկածներն այն մասին, որ Թուրքիան փորձում է իր ազդեցությունը մեծացնել ի հաշիվ Ռուսաստանի: Կարծում եմ՝ դա սովորական «էրդողանյան» հնարք էր»:
Ինչ վերաբերում է Հարավային Կովկասում Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը, ըստ թուրքագետի, հստակ է, որ Մոսկվան տրամադրված է մինչև վերջ իր շահերն այստեղ պաշտպանելու: «Դրա մասին վկայում է այն, որ Ռուսաստանն անցկացրեց շատ անսպասելի զորավարժություններ իր հարավային սահմաններում, Հայաստանում էլ ռուսական բանակի զորավարժություններին մասնակցեց նաև մեր բանակը: Սպասվում են նաև «Կովկաս 20-20» զորավարժությունները: Այս ամենը վկայում է այն մասին, որ ոչ միայն Ռուսաստանը տրամադրված է մինչև վերջ պաշտպանելու իր շահերը, այլև այն, որ այս տարածքը դառնում է այլ երկրների հնարավորությունները ցույց տալու մի վայր»։
Հարցազրույցն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան