Սևանա լիճը գտնվում է նախավերջին՝ ինտենսիվ ծաղկման փուլում. Էվելինա Ղուկասյան
«Ի ուրախություն մեզ, փոքր Սևանում մենք չունենք կանաչած հատված, իսկ մեծ Սևանում մի փոքր տեղ է, և հուսանք, որ այն հետ կնահանջի»,- այս մասին հայտնեց Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Վահե Ջիլվայանը՝ Սևանա լճում նավի վրա կազմակերպված ասուլիսի ժամանակ:
Վերջինս տեղեկացրեց, որ կառավարության կողմից հանձնարարականներ է տրված շատ խիստ և հրատապ միջոցառումներ ձեռնարկել և ներկայացնել բոլոր ծրագրերը, թե ինչ պետք է արվի, որպեսզի հաջորդ տարի կամ կանաչած հատվածներ չլինեն, կամ շատ քիչ լինի:
Վահե Ջիլավյանի խոսքով, քայլեր կարվեն ջրածածկ անտառային տարածքների մաքրման ուղղությամբ, ինչպես նաև լիճ և գետեր կեղտաջրերի մաքրման մեխանիզմների ներդրման ուղղությամբ:
ՇՄ նախարարի պաշտոնակատարը նկատեց, որ ջրածածկ անտառապատ տարածքների մաքրումը իրականացվում է 2009 թվականից, այս տարի արդեն 50 հեկտար մաքրվել է: Ըստ Ջիլավյանի, Սևանում դեռ կան մաքրման ենթակա 500 հեկտար ճահճապատ տարածքները և 120 հեկտար ջրածածկ անտառապատ տարածքներ:
ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը նկատեց, որ 2018 թվականից արձանագրվող ծաղկման պրոցեսն այս տարի ուշ է սկսվել և շուտ է վերջանալու:
Ըստ նրա, վատ էկոլոգիական վիճակ է լճի հատակային մասում՝ թթվածնի պարունակությունը ցածր է, ջրի թափանցիկությունը 4 մետր է, ինչը նշանակում է, որ Սևանա լճում կա կենսածին նյութերի բավարար քանակություն:
Շրջակա միջավայրի նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և կենսաբազմազանության քաղաքականության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ոսկեհատ Գրիգորյանն էլ հայտնեց, որ կառավարության ծրագրով իրականացվում են լճի էկոհամակարգի պահպանմանն ուղղված միջոցառումներ, որի շրջանակներում պետք է մաքրվեն ջրածածկ անտառապատ տարածքները, ապամոնտաժվեն, ապօրինի շինությունները, ինչպես նաև միջոցներ ձեռնարկվեն կեղտաջրերի մաքրման ուղղությամբ: Բանախոսը տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ հաստատված համաձայնագրով նախատեսված 5 մլն դոլարի աջակցության շրջանակներում առաջնային նախատեսված է լուծել կեղտաջրերի մաքրման խնդիրը:
ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը նկատեց, որ լճերի կանաչումը լինում է թույլ, միջին, ինտենսիվ, հիպերծաղկում և բարեբախտաբար, Սևանը դեռ չի հասել վերջին փուլին, այլ գտնվում է ինտենսիվ ծաղկման փուլում:
Նրա խոսքով, չի հաղթահարվել ծաղկմանը նպաստող գործոնները և փոքր շեղումների դեպքում այն ավելի կխորանա: Վերջինս նույնպես կարևորեց լճի ջրհավաք ավազանում մաքրման կայանների տեղադրումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան