Մշակման փուլում են կրթության ոլորտի ՝ կառավարման պլանները․Ավինյան
Անցած հինգ ամիսները եղել են պայքարի, դժվարությունների հաղթահարման ամիսներ։ Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։
«Մեր հաջողություններից է, որ այսօր երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության։ Oգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության ռեժիմը, ներկա դրությամբ՝ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են և մեծապես կախված են նրանից, թե ինչպիսին կլինի համավարակաբանական պատկերն առաջիկայում: Դեռևս մեծ անորոշություն է նաև երկրորդ պոտենցիալ ալիքի հետ կապված խնդիրը»,- ասաց նա:
Ավինյանըի փոխանցմամբ՝ պարետատունն առաջիկայի համար մշակում է համավարակի կառավարման պլան, որը ուղենշային կլինի Կառավարության գործողությունների համար:
«Կառավարման պլանի ողջ տրամաբանությունը լինելու է այն, որ պետք է սովորենք ապրել և աշխատել կորոնավիրուսի համավարակի պայմաններում և անվտանգության կանոնների համակեցությամբ ավելի արագ և լիարժեք վերադառնալ նորմալ կյանքին»,- ասաց Ավինյանը։
Նրա փոխանցմամբ առաջիկայում կհրապարակվի ուղեցույց ՝ քաղաքացիների և բիզնեսնրի համար,թե համաճարակական կոնկրետ իրավիճակում ինչպիսին է լինելու պետության արձագանքը։
Պարետի խոսքով՝ քննարկվում են նաև ներկայիս սահմանափակումների մշակման և սահմանափակված մի շարք ոլորտների վերաբացման հնարավորությունները: Մասնավորապես․«2020-2021 ուսումնական տարվան ընդառաջ մշակման փուլում են կրթության ոլորտի ՝ կառավարման պլանները,որոնց միջոցով պարզ կդառնա թե ինչ մոդելով պետք է գործի կրթական բնագավառը։Առաջիկա օրերին կհրապարակենք մանրամասն ուղեցույցներ՝ գրադարանների, թատրոնների , թանգարանների վերաբացման վերաբերյալ»։
Ինչ վերաբերում է մյուս ոլորտներում, մասնավորապես միջազգային փոխադրամիջոցներին,ապա այս մասով իրավիճակն այլ է։
«Այստեղ մեր գործողությունները նպատակ ունեն հնարավորինս կանխել համաճարակաբանական լրացուցիչ ռիսկերի առաջացումը և պահպանել ներկայումս ձեռք բերված հարաբերական կայուն , բայց փխրուն իրավիճակը։ Պետք է նշեմ, որ էականորեն ավելացել են չարթեևային թռիչքների թիվը»,-ընդգծեց Ավինյանը։
Պարետն այնուամենայնիվ նշեց, որ դեռևս պահպանվում է օտարերկրա քաղաքացիների նկատմամբ մուտքի արգելքը։