Չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»․ Վահրամ Ավետիսյան
«Իմ քայլը» խմբակցության անդամները հանդիպում են ունեցել ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանի հետ։
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Վահրամ Ավետիսյանն ասաց, որ շուրջ 3 ժամ տևած քննարկումների ընթացքում խմբակցության պատգամավորները հնչեցրել են ինչպես սոցցանցերում բարձրաձայնված, այնպես էլ այնպիսի հարցեր, որոնք մամուլի կողմից չեն բարձրացվել։
«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել իմ մոտեցումները՝ բարձրացված հարցերի շուրջ»,- ասաց Ավետիսյանը։
Պատասխանելով լրագրողների հարցին, առ այն, որ իր հայրը ժամանակին եղել է դատավոր, հատկապես «Մարտի 1»-ի գործով և «Մարտի 1»-ի զոհերի հարազատները ու նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, քանի որ մտավախություններ ունեն անաչառության և շահերի բախման մասով, Ավետիսյանն արձագանքեց․
«Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց։ Ես չեմ պատրաստվում արդարացնել նորանկախ Հայաստանի հանրապետությունում գոյություն ունեցած դատական համակարգի խնդիրները, նաև չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի քավության նոխազը»։ Իմ հոր հետ կապված նշեմ, որ անհրաժեշտ է պարզել Վճռաբեկ դատարանի գործառույթը՝ արդյոք Վճռաբեկ դատարանը գործ քննող դատարան է, թե՝ ոչ, արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին։ Ես հասկանում եմ սուբյեկտների մտահոգությունները, բայց նաև չեմ կիսում այն։ Ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են և առնչություն են ունեցել գործերին։ Իմ հայրն արդեն 5 տարի թոշակի է գնացել և ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը Սահմանադրական դատարանում՝ իմ գործունեության վրա»,- ասաց ՍԴ դատավորի թեկնածուն։
Նրա խոսքով, նույնիսկ շահերի բախման դեպքում, այն կարգավորվում է օրենքով։
Այնուամենայնիվ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ դիրքորոշում ունի «Մարտի 1»-ի գործի վերաբերյալ, ՍԴ թեկնածուն պատասխանեց․
«Որպես ՀՀ քաղաքացի ես ունեմ իմ մոտեցումները, բայց ՍԴ թեկնածուի նկատմամբ կիրառելի են Սահմանադրական դատարանի վարքագծի կանոնները և ես չեմ կարող կարծիք արտահայտել հրապարակային այնպիսի հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ապագայում քննարկման առարկա դառնալ ՍԴ-ում»։
Հարցին, թե Վահե Գրիգորյանը, կարծես թե, դեմ է իր թեկնածությանը, ինչն է պատճառը կամ արդյոք ճանաչում են միմյանց, Ավետիսյանն ասաց․ «Պարոն Գրիգորյանի հետ որևէ խնդիր չունեմ, իր հետ ծանոթացել եմ մի անգամ «Քվանտ» վարժարանում՝ երեխաների ընդունելության քննությունների ժամանակ, այլ շփումներ չեմ ունեցել»։
Թե ով է առաջարկել իր թեկնածությունը, ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանն անուններ չնշեց, միայն ասաց, որ Կառավարությունից է։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին