Փաստաբան. 270 միլիոն ՀՀ դրամի չարաշահում Հայինկասացիայում
Լուծարված «Հայինկասացիա» ՓԲԸ գործազուրկ դարձած ավելի քան երկու տասնյակ աշխատակիցների փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացնում է, ինչքան ավելի են խորանում ուսումնասիրությունները, այնքան ավելի է մեծանում Հայինկասացիայի աշխատակիցներին պատճառված վնասի գումարները։
«Ինձ փոխանցված փաստաթղթերի ուսումնասիրությունից բխում է, որ Հայինկասացիայի լուծարումը ոչ մի ֆինանսական հիմք չունի, այն լուծարվում է բացառապես ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահի հանցավոր թվացող հետքերը մաքրելու նպատակով»,-նշում է փաստաբանը։
Նրա խոսքով, ավելին՝ կան հիմնավոր թվացող պնդումներ, որ հենց ԿԲ նախկին նախագահն է պատրաստվում ձեռք բերել Հայինկասացիայի լուծարման արդյունքում մնացած գույքը և մտնել ինկասացիոն ծառայությունների շուկա։
«Նախկինում նշել էի, որ դիմել էի լուծարային հանձնաժողով՝ աշխատակիցներին չվճարված աշխատավարձի բռնագանձման պահանջով։ Փոխարեն մտածեն՝ ոնց վճարեն աշխատակիցների գումարները, մտածում են՝ ինչպես ոչնչացնեն ապացույցները։ Շտապում եմ հիասթափեցենել հանձնաժողովին․ դիմելուց առաջ մենք հավաքագրել ենք բոլոր անհրաժեշտ ապացույցները, իսկ եթե ոչնչացվեն բնօրինակները, իսկ մեզ մոտ պահպանվեն պատճենները, դրա բեռը դատարանում կրելու է հանձնաժողովը։
Միաժամանակ հայտնում եմ, որ նշված չարաշահումների փաստով դիմել եմ նաև ՀՀ ՊՎԾ-ին և փոխանցել անհրաժեշտ հաշվարկները, հույս ունեմ, որ ՊՎԾ-ն ամենասեղմ ժամկետում ստուգումներ կսկսի Հայինկասացիայում»,-գրել է փաստաբանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանը դիմել է Փաշինյանին՝ «Հայինկասացիա»-ում ստուգումներ նշանակելու խնդրով
- Փաստաբան. Հայինկասացիայի աշխատակիցներին պակաս են վճարել
- Կոչուբաև. «Հայինկասացիա»-ն տրվել է Խաչատուր Սուքիասյանին, իսկ աշխատակիցները կմնան անգործ