Մանկատան 130 սանի մերժել են բնակարանի գնման վկայագիր տրամադրել
«Ունենք 130 մերժում, ուստի գտնում ենք որ այս իրավիճակում կարող ենք 24 քաղաքացու ևս տրամադրել աջակցությունը»,- կառավարության նիստում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ ներկայացնելով մանկատան շրջանավարտների բնակարանի ապահովման ծրագիրը:
Նախարարը հայտնեց, որ բնակարանի համար դիմած քաղաքացիներից 130-ին մերժել են, քանի որ քաղաքացիները չեն համապատասխանել չափանիշներին՝ 18 տարին լրանալուն պես սանը պետք է դուրս գրված լիներ մանկատնից, ՀՀ քաղաքացի հանդիսանար, սեփականության վկայական չունենա և և վերջին 5 տարվա ընթացքում բնակարան օտարած չլիներ:
«Մեզ դիմում են նաև քաղաքացիներ, որոնք մանկատան սան են համարվում և փաստացի իրավական ակտի չափանիշներին չեն համապատասխանում, սակայն նույն կարգավիճակում են հայտնվել, որովհետև տեղափոխվել են այլ հաստատություն, կամ հաստատությունն է փոխել կարգավիճակը և դարձել է, օրինակ՝ շուրջօրյա գիշերօթիկ հաստատություն կամ գիշերօթիկ դպրոց, բայց գրեթե նույն ֆունկցիան է իրականացրել»,- հայտնեց Բաթոյանը:
Նրա խոսքով, նախատեսվել է, որ այդ 24 անձանց բացառության սկզբունքով բնակարանների գնման վկայագիր կտրամադրվի, թեև իրավական տեսանկյունից նրանք չեն համապատասխանում չափանիշներին:
Նախարարաը նաև տեղեկացրեց, որր 2019 թ. նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ մեկնարկած ՀՀ մանկատան շրջանավարտների բնակարանի ապահովման ծրագրի շրջանակում նախատեսված 300 շրջանավարտի փոխարեն բնակարանների գնման վկայագրի է տրամադրվել 133 շրջանավարտի, 22-ի գործերը դեռ քննվում է:
Կառավարությունը հավանություն տվեց նախագիծը, որով 24 անձի բացառության կարգով բնակարանային աջակցություն կտրամադրվի: