Ակցիա. Թռիչքներ իրականացրեք, գնանք հասնենք մեր ընտանիքին, աշխատանքին
Կառավարության շենքի դիմաց քաղաքացիների մի խումբ պահանջում էր բացել սահմաններն ու իրենց թույլ տալ մեկնել արտագնա աշխատանքի։
«Հնարավորություն չունենք այստեղ ապրելու, վարձի գումար չենք կարողանում վճարել, աշխատանք չկա, խնդրում ենք վարչապետին, որ խնդրին մի լուծում տա»,-ասում է ակցիայի մասնակից կանանցից մեկը։
Նա նշում է, որ իր հետ պահանջը բարձրաձայնելու եկել են մարդիկ, ովքեր երկու տարի առաջ ակտիվ մասնակցել են հեղափոխությանը։
«Հեղափոխություն չենք արել, որ գերի լինենք։ Բացեք սահմանը, թեստավորումով թույլ տվեք գնանք, հասնենք մեր գործին։ Թեկուզ պետք է երկու շաբաթ կարանտին կպահենք։ Ի վերջ, ինչքան պետք է այսպես շարունակվի»,-ասաց նա։
Մեկ այլ կինն էլ ներկայացնում է իր խնդիրը, ընտանիքը մնացել է Ռուսաստանում, ինքը գործով վերադարձել է Հայաստան ու մնացել հինգ ամիս։
«Շուտով արդեն երեխաները դպրոց կգնան։ Մի չարտերային թռիչք էլ դեպի Ռուսաստան կազմակերպեք։ Կորոնավիրուսով չենք հիվանդացել, բայց արդեն հոգեկան հիվանդ ենք, ոչ ուտում ենք, ոչ խմում ենք։ Օգոստոսի 12-ից հանեք արտակարգ դրությունը, գնանք հասնենք մեր ընտանիքներին, գործին»,-նշեց նա։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ խնդիրը բարձրաձայնելու համար եկել են 7-8 հոգով, քանի որ հավաքներն արգելված են, բայց մոտ 300 մարդ կա, որ անհամբեր սպասում է թռիչքների վերականգնմանը։
Ակցիայի մասնակիցներն ասացին՝ մինչև օգոստոսի 12-ը կսպասեն, եթե կառավարությունն իրենց խնդրի լուծման համար քայլեր չձեռնարկի, իրենք այլ քայլերի կդիմեն։
Հարակից հրապարակումներ`
- Եկմալյան փողոցի տնազրկված բնակիչները բողոքում են՝ գնդակ են դարձել քաղաքապետի ու վարչապետի միջև
- «Լիդիան»-ի նախկին աշխատակիցները կառավարության շենքի դիմաց են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան