Որպեսզի որոշման վերնագիրը հիմնազուրկ սպասումներ չառաջացնի. Ատոմ Ջանջուղազյան
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի բնակարանների և ոչ բնակելի տարածքների օտարման գործարքները ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 7-րդ մասի կիրառության իմաստով իրական արժեքից ցածր արժեքով հատուցմամբ գործարքներ համարելու մասին հարցը կառավարության նիստում զեկուցեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նախարարի խոսքով, որպեսզի որոշման վերնագիրը հիմնազուրկ սպասումներ չառաջացնի, միանգամից հայտնում է, որ խոսքն այն գործարքների մասին է, որոնցով կառուցապատողների հետ կնքված պայմանագրերի շրջանակում գնորդները կատարել են վճարումներ, բայց գործընթացի ընթացքում կառուցապատողը սնանկ է ճանաչվել, և այլ կառուցապատող աճուրդով ձեռք է բերել այն շարունակելու և գործընթացն ավարտելու իրավունքը:
Ջանջուղազյանի խոսքով, մի կողմից՝ կա բարեխիղճ գնորդ, որը կատարել է մասնակի վճարում, մյուս կողմից՝ կա կառուցապատման իրավունք ձեռք բերած բարեխիղճ տնտեսավարող, որը պետք է շարունակի ծրագիրն ու ավարտին հասցնի, բայց կա նաև խնդիր մինչ այդ կատարված վճարումների և ընդհանրապես գործարքի գնի հետ: Նախարարի խոսքով, նախագծով հնարավորություն կտրվի շուկայականից ցածր կամ Հարկային օրենսգրքով ընդհանուր կարգավորումներից տարբերվող մոտեցմամբ գործարքը շուկայականից ցածր գնով ճանաչել և հնարավորություն տալ, որ խնդիրը դուրս գա փակուղուց, ու կառուցապատումն ավարտվի:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի ճշտող հարցին՝ նախարարը հավելեց, որ խոսքը մինչև 2015-ի հունվարի 1-ը կնքված գործարքներին է վերաբերում, որովհետև դրանից հետո փոխված օրենսդրությունն այդ ռիսկը կանխարգելել է և նման իրավիճակ չի եղել: