Բերդի ավագ դպրոցի 270 քմ մակերեսով հողամասը հատկացվեց «Թումո»-ին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտնեց, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամը դիմել է ԿԳՄՍ և ՏԿԵ նախարարություններին՝ Բերդի ավագ դպրոց ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված անշարժ գույքից 270 քմ մակերեսով հողամասը «Թումո» շարժական կենտրոն կառուցելու և «Թումոն՝ տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու նպատակով հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նկատեց, որ շարժական կենտրոնների միջոցով «Թումոն» կիրականացնի դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացվում: Ըստ նախարարի, որոշ ժամանակով այդ տարածքները նաև կարող են տրամադրվել ուսուցիչների վերապատրաստման համար:
Վերջինս նկատեց, որ «Թումոն» նախատեսում է տարբեր մարզերում իրականացվել նման ծրագրեր:
«Մի վայրում արդյունավետությունը սպառելու դեպքում կարող են տեղափոխվել այլ համայնքներ և այնտեղ իրականացնել աշխատանքներ»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:
Նիկոլ Փաշինյանը նախագիծը կարևորեց սահմանապահ համայնքների զարգացման ռազմավարության քննարկումների համատեքստում՝ կարևորոելով ռազմավարությունների հիմքում պարտադիր է կրթական բաղադրիչի ներառումը:
Կառավարությունը հաստատեց նախագիծը: